211652_close_icon
views-count4489 դիտում article-date 09:46 13-01-2020

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է դիտարկել Իրանի եւ Իրաքի օդային տարածքը շրջանցելու հնարավորությունը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին: Կոմիտեն խորհուրդ է տալիս դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։ «Ինչպես տեղեկացրել էինք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը, այդ թվում՝ սույն թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների, Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի և իր բոլոր գործընկերների հետ թռիչքների անվտանգ ապահովման նպատակով։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին հաշվի առնել Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը և դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։ Լրացուցիչ տեղեկատվության դեպքում այն կտրամադրվի ՀՀ գրանցված ավիաընկերություններին և հանրությանը»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր