1279 դիտում
11:10 25-12-2019
Ապրենք մեր կյանքով, ոչ թե նրանով, ինչ մեզնից հասարակությունը պահանջում է. հոգեբան․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Տոնական օրերին նախորդող շրջանում քաղաքի փողոցներում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք տարատեսակ գնումներ կատարած՝ լի տոպրակներով տուն են շտապում։ Չնայած արդարության համար պետք է նշել՝ վերջին 2-3 տարում ավելի քչացել է այն խառնաշփոթը, ինչ կար նախկինում։ Մարդիկ գնումները ավելի վաղ են սկսում՝ վերջին օրերին թողնելով միայն շուտ փչացող ապրանքները։
Հոգեբան Իրինա Ծատուրյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ ժամանակները փոխվել են։ «Հիմա չկա այն մրցակցությունը, որ սեղանը ճոխ լինի, կոկորդիլոսն էլ անպայման սեղանին դրված։ Հնարավոր է՝ մարդիկ իրենց մի քիչ նեղություն են տալիս, բայց արտառոց բաներ հիմա այնքան էլ չեն անում։
Նոր տարին մնում է ընտանեկան, ընկերական շրջապատով հավաքվելու տոն։ Մարդկանց ժամանակը քիչ է, ասում են՝ լավ, Նոր տարուն ազատ կլինենք, իրար կհանդիպենք։ Շատերը նաև նախընտրում են քաղաքից դուրս անցկացնել Ամանորը։
Իհարկե, կա մարդկանց մի շերտ, որոնց համար սեղանին բուդ դնելը շատ կարևոր է, իրենք դա անելու համար պարտք էլ կվերցնեն։ Սրա հետ մեկտեղ, կան մարդիկ, որոնք նոյեմբերի սկզբից սկսում են պատրաստվել Նոր տարուն ոչ այն պատճառով, որ տոնն իրենց համար գերկարևոր է, այլ ուղղակի փողը քիչ-քիչ են ծախսում, և իրենց համար այն բեռ չի դառնում։ Իսկ մենք հիշում ենք, որ մի քանի տարի առաջ բոլորը խանութ էին շտապում դեկտեմբերի 25-26-ին, և իսկական աժիոտաժ էր սկսվում»,-ասում է հոգեբանը։
Հաճախ է կարծիք շրջանառվում, որ այդ օրերին հատկապես կանայք շատ են հոգնում, սկսում են ուշադրություն դարձնել այլ հարցերի՝ մոռանալով տոնական մթնոլորտի մասին։ Ծատուրյանը նշում է՝ կանայք ցանկանում են, որ իրենց սեղանները գեղեցիկ լինեն, համեղ ուտելիքներով լի։
«Սա ազգային մտածելակերպ է, լավ է, թե վատ, իրավունք չունենք գնահատել։ Կնոջ համար կարևոր է տոլմա և այլ ուտելիքներ պատրաստել։
Ի վերջո, եթե նա ամեն տարի տոնական օրերին հոգնում է, բայց հետևություններ չի անում, իր համար դոմինանտ է մնում ճոխ սեղանը, ապա թող դա անի։
Հոգեբանական շատ նրբություններ կան։ Հավատացեք՝ կինն իրեն վատ կզգա, եթե հունվարի 3-ին իր տուն հյուրեր գան և նա հյուրասիրելու ոչինչ չունենա»,-նշում է մեր զրուցակիցը։
Հետաքրքրվում ենք՝ ինչպե՞ս անել, որ նոր տարվա մեկնարկին եղած դրական տրամադրվածությունը պահպանվի ողջ տարվա ընթացքում։
«Գնալով դառնում ենք ավելի քաղաքականացված։ Ամեն ինչ կապված է երկրի վիճակի հետ։ Հիմա, երբ ապրում ենք ոչ կայուն իրավիճակում, հենց սա հիմք է մտահոգությունների համար։
Առհասարակ աշխարհում բոլոր մարդկանց մտահոգությունները կապված են վաղվա օրվա հետ՝ ի՞նչ և ինչպե՞ս պետք է լինի։ Չմտնելով քաղաքականության դաշտ, մի բան միայն կարող եմ ասել, որ մեր ազգն ինքնակառավարվող ազգ է։
Այն, ինչ մեզ մտահոգում է, մենք սկսում ենք չնկատել։ Դա կոնֆլիկտային իրավիճակից փախուստի ռազմավարությունն է։ Նա չի ուզում դա նկատել, հեռանում է դրանից։
Սա հոգեբանական բարդ վիճակ է, երբ թվում է՝ ամեն ինչ լավ է, նորմալ կյանքի պատրանք է ստեղծվում, և դա մարդուն գոհացնում է։ Մենք այդպես ապրում ենք բավականին վաղուց»,-ընդգծում է Ծատուրյանը։
Հոգեբանն ասում է՝ չպետք է տրտնջալ, պետք է առաջ շարժվել։ «Փորձությունները, վատ երևույթները անցնող տարում թողնելու համար ուժեր են պետք։ Միայն բառերով ասել, որ այսպես կամ այնպես է պետք անել, բարդ է։
Դրա համար մարդը կա՛մ ինքնազարգացման պետք է գնա, կա՛մ էլ համապատասխան մասնագետի հետ խոսի իր խնդիրների մասին։
Պետք է այնպես ապրենք, որ մեր կյանքի որակը, հոգեբանական վիճակը լավը լինի, քանի որ հետագայում մեզ համար է վատ լինելու։
Առաջ գնալով՝ հասկանում ենք, որ մեր ռեսուրսները լիովին չենք օգտագործում, շատ հաճախ ապրում ենք ուրիշի կյանքով։ Ցանկանում եմ, որ այս տարի սկսենք ապրել մեր կյանքով, ոչ թե նրանով, ինչ մեզանից պահանջում է հասարակությունը»,-եզրափակում է Իրինա Ծատուրյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9987 դիտում
12:02 19-12-2017
Հրամանատարն ինչ-որ տեղ, ինչ-որ իմաստով հոգեբան պետք է լինի, որպեսզի կարողա հասկանալ զինվորներին. դիրքապահ
2456 դիտում
08:29 25-08-2015
Իրականում փոխվել է ոչ թե ոստիկանությունը, այլ հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը. ՀԺ
Այս բաժնից
10501 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am