211652_close_icon
views-count1471 դիտում article-date 17:43 01-11-2026

Յոթ տարի՝ ճաղերի հետեւում, վեց դատավորի փոփոխություն, չավարտվող դատաքննություն եւ դեռեւս ոչ մի դատավճիռ։ Սա՞ է արդարադատությունը, թե՞ մի համակարգի ձախողում, որի գինը մարդն է վճարում սեփական ազատությամբ ու առողջությամբ․iravunk.com

Օրենքը հստակ է՝ կալանքը ծայրահեղ միջոց է, ոչ թե պատժի կանխավճար։ Սակայն ի՞նչ է մնում անմեղության կանխավարկածից, երբ մարդը տարիներ շարունակ զրկված է ազատությունից, իսկ դատարանը դեռ չի ասել իր վերջին խոսքը։

«Իրավունք»-ի ուշադրության կենտրոնում այս անգամ մի դատական գործ է, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում արդար դատաքննության, ողջամիտ ժամկետների եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Թե ինչու շուրջ յոթ տարի շարունակվող այս գործը դեռեւս դատավճիռ չունի, եւ ինչու է ամբաստանյալ Կորյուն Մուրադյանը շարունակում մնալ կալանքի տակ, ներկայացնում է նրա պաշտպան, փաստաբան ԳԱԳԻԿ ԹԱՎԱԴՅԱՆԸ:

— Պարոն Թավադյան, նախ կներկայացնե՞ք գործի էությունը եւ այն հանգամանքները, որոնք հանգեցրել են դատաքննության շուրջ յոթ տարի տեւող ձգձգմանը։

— Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԼԴ/0017/01/21 քրեական գործով իրականացնում եմ ամբաստանյալ Կ․Մ-ի պաշտպանությունը, ով դեռեւս 2020 թվականի մարտի 28-ից, այսինքն՝ ավելի քան 6 տարի 7 ամիս գտնվում է կալանքի տակ, սակայն դատաքննությունն առաջին ատյանում դեռեւս չի ավարտվել։ Տեւական այս կալանքի ժամկետը բացառիկ է եւ անթույլատրելի: 2021 թվականի մարտի 15-ից դատարանի վարույթում քննվող այս քրեական գործով 6 դատավոր է փոխվել, ինչը բացառիկ երեւույթ է։ Անդրադառնալով դատաքննության տեւական ժամկետին՝ նշեմ, որ դրա պատճառները մի քանիսն են։

Նախ, ինչպես նշեցի, այս քրեական գործով 6 դատավոր է փոխվել ու յուրաքանչյուր անգամ գործի քննությունը վերսկսվել է սկզբից։ Դատաքննության ձգձգման մյուս պատճառը ամբաստանյալ Կ․Մ-ի՝ դատական նիստերին ներկայացնելու հետ կապված խնդիրներն էին։ Բազմաթիվ դատական նիստերի նա չի ներկայացվել ուղեկցող ոստիկանական խմբի ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ։ Այս առնչությամբ պաշտպանական կողմը տարբեր ժամանակահատվածներում թե՛ անձամբ, թե՛ դատարանին միջնորդելու եղանակով դիմումներ է հասցեագրել ինչպես ՀՀ ոստիկանապետին, այնպես էլ Ներքին գործերի նախարարին, սակայն տեւական ժամանակ իրավիճակը չէր փոխվում։ Այս խնդիրներն առավելապես առկա են եղել 2022-2024 թվականներին։ Վերջին շրջանում ուղեկցման հարցը որոշակիորեն կարգավորվել է։

Դատաքննության ձգձգման մեկ այլ պատճառ է եղել վկաների եւ տուժողների ներկայությունն ապահովելու անհնարինությունը։ Դատարանը, պատշաճ ծանուցումներից հետո, երբ վկաները չեն ներկայացել դատական նիստերին, համապատասխան հանձնարարություններ է տվել ոստիկանությանը՝ նրանց ներկայությունն ապահովելու համար։ Սակայն այս հարցում եւս պարբերաբար խնդիրներ են առաջացել, քանի որ ոստիկանությունը չի կարողացել ապահովել վկաների ու տուժողների ներկայությունը։

— Դուք նշեցիք, որ Ձեր պաշտպանյալն արդեն ավելի քան վեց տարի յոթ ամիս գտնվում է կալանքի տակ։ Այսքան երկարատեւ կալանքը չի՞ հակասում ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սկզբունքին։

— Այն, որ գործի քննության ողջամիտ ժամկետները խախտվել են, այդ հանգամանքը դեռեւս շուրջ երեք տարի առաջ գործը քննող դատարանն էր արձանագրել՝ ընդունելի համարելով պաշտպանական կողմի այդ գնահատականը։ Սակայն դրանից հետո անցել է երեք տարի, եւ առաջին ատյանի դատարանում դատաքննությունը մինչ օրս ավարտված չէ։

Ինչ վերաբերում է իմ պաշտպանյալին ավելի քան 6 տարի 7 ամիս կալանքի տակ պահելուն, ապա այս առումով կնշեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված չափանիշներով այդ ժամկետը վաղուց հատել է ողջամտության սահմանները։ Չնայած կալանքի տեւողությանը զուգահեռ պետք է ավելի փաստարկված ու հիմնավոր լինեն անձին անազատության մեջ պահելու հիմքերն ու հիմնավորումները, սակայն մեր գործով, ունենք մի իրավիճակ, երբ ավելի քան 6 տարի 7 ամիս անձի կալանքը հիմնավորելու համար հղում են տալիս նույն փաստական տվյալներին, սակայն ժամանակ առ ժամանակ նույն փաստարկները մեկնաբանվում են տարբեր ձեւակերպումներով՝ այդ կերպ փորձելով կալանքի հիմնավորվածության պատրանք ստեղծել։ Նկատի ունենալով, որ քրեական գործով առկա են տեւական ժամկետով կալանավորված անձինք, դատարանները պարտավոր էին դրսեւորել պատշաճ ջանասիրություն եւ դատական նիստերը նշանակել շատ ավելի ինտենսիվ։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում պաշտպանական կողմից, ապա այս առումով նշեմ, որ մեր կողմից բազմիցս միջնորդություններ են ներկայացվել Կ․Մ-ի նկատմամբ ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու մասին, սակայն դատարանի կողմից մերժում ենք ստացել, որից հետո բոլոր որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարաններ։ Քանի որ ներպետական դատական ատյաններում հնարավոր չի եղել արդյունք գրանցել, մենք նաեւ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մեր դիմումը ՄԻԵԴ-ը ստացել է, այն կոմունիկացման փուլում է, սակայն դեռեւս դատական ակտ չունենք։ ՄԻԵԴ ներկայացված բողոքում այնպիսի խախտումների մասին է նշված, որ դրանք հաստատելու հավանականությունը շատ բարձր է։

— Դուք բազմիցս դիմել եք դատարան՝ խափանման միջոցը փոխելու պահանջով։ Որո՞նք են Ձեր հիմնական փաստարկները եւ ի՞նչ հիմնավորումներով է դատարանը շարունակում մերժել այդ միջնորդությունները։

— Այս գործով բազմաթիվ անգամներ միջնորդել ենք, որպեսզի դատարանը կալանքը փոխարինի այլընտրանքային խափանման միջոցներով։ Վերջին շրջանում մեր պատճառաբանություններն ի թիվս այլնի՝ հիմնավորել ենք այն հանգամանքով պայմանորված, որ քրեական գործով բոլոր վկաներն ու տուժողներն արդեն իսկ հարցաքննվել են, մեղադրանքի կողմի ներկայացրած բոլոր ապացույցները հետազոտված են, այդ թվում եւ ամբաստանյալներն են հարցաքննվել։ Այսինքն, այլեւս առկա չեն ապացույցներ, որոնց վրա ամբաստանյալը կարող է որեւէ ձեւով ազդել։ Սակայն, հիմա էլ դատարանի պատճառաբանությունների հիմնական շեշտադրումը կատարվում է իմ պաշտպանյալի նախկին դատվածության վրա եւ դրանով փորձում են հիմնավորել, որ եթե նրա նկատմամբ ընտրված չլինի կալանք, ապա առկա է ռիսկ, որ նա կկատարի նոր հանցանք։ Մինչդեռ, իմ պաշտպանյալի դատվածությունն արդեն մարված է եւ այդ մարված դատվածությունը որեւէ իրավական հետեւանք չի կարող առաջացնել։

Դատարանի մյուս պատճառաբանությունն այն է, որ Կ․Մ-ն կարող թաքնվել քննությունից, եւ դա փորձում են պատճառաբանել նրանով, որ գրեթե 7 տարի առաջ երբ նրան ձերբակալելու որոշում են կայացրել, նա հայտնաբերվել է դրանից 17 օր անց։ Մինչդեռ, քրեական գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ Կ․Մ-ին ձերբակալելու որոշում կայացնելուց առաջ կամ հետո, նա որեւէ ձեւով չի ծանուցվել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու մասին, հետեւապես նա չէր կարող տեղյակ լինել, որ իր նկատմամբ ձերբակալման որոշում է առկա։ Այսինքն, այդ պատճառաբանությունը եւս հիմնավոր չէ ու չի կարող դրվել տեւական կալանքի հիմքում։
Հավելեմ, որ մեր միջնորդություններով դատարանին խնդրել ենք կալանքը փոխարինել տնային կալանքով եւ համակցված գրավով, իսկ որպես գրավ առաջարկել ենք մոտ 110 միլիոն դրամի անշարժ գույք ու կանխիկ միջոց։ Մեր գնահատմամբ այդ համակցված խափանման միջոցները կարող են լիարժեքորեն ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը։

— Դուք նաեւ պնդում եք, որ մեղադրանքի կողմի ապացույցները բավարար չեն Ձեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորելու համար։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում ապացույցների հետազոտման ընթացքում։

— Չնայած սույն գործով դեռեւս չենք հասել ապացույցների գնահատման փուլ, սակայն ունենք արդեն արձանագրված փաստ, որ մեղադրանքի կողմի բոլոր ապացույցներն արդեն իսկ հետազոտված են։ Մեղադրանքի կողմի հիմնական եւ առանցքային ապացույցները երկու վկաների ցուցմունքներն են, ինչպես նաեւ մեկ այլ փաստական տվյալ, որը նույնպես ձեւավորվել է այդ երկու վկաների հայտնած տեղեկությունների հիման վրա։
Հատկանշական է, որ այս երկու վկաներից մեկը նախքան նրան դատարանում հարցաքննելը՝ 2023 թվականին մահացել է ու ամբաստանյալն այլեւս զրկվել է իր հակընդդեմ հարցման իրավունքն իրացնելու հնարավորությունից։ Ընդ որում, դատարանները 2 տարուց ավելի ժամանակ են ունեցել այդ վկային հարցաքննելու, սակայն նա այդպես էլ չի հարցաքննվել։ Բացի այդ, գործի նյութերում առկա են տվյալներ, որոնցով հաստատվում է, որ տվյալ վկան հոգեկան հիվանդությամբ տառապող էր, որպես թմրամիջոցներից կախվածություն ունեցող գրանցված էր եւ հսկողության տակ էր։ Առկա պայմաններում, արդեն իսկ ակնհայտ է, որ տվյալ վկայի ցուցմունքը չի կարող դրվել մեղադրական դատական ակտի հիմքում։
Իսկ երկրորդ վկան ներկայանալով դատարան՝ որեւէ ցումունք չի տվել եւ հայտարարել է, որ հիշողության բացարձակ կորուստ ունի։ Այսինքն, այս դեպքում եւս պաշտպանական կողմը զրկվել է վկային հակընդդեմ հարցեր ուղղելու իր իրավունքից։ Իսկ ինչ վերաբերում է վկայի նախաքննական ցուցմունքներին, ապա ինչպես գործի քննությամբ պարզվել է, այդ վկան տվյալ ցուցմունքը տալու պահին եւ դրանից հետո տառապել ու տառապում է մի շարք հոգեկան հիվանդություններով։ Այսինքն, այս վկայի դեպքում եւս ակնհայտ է, որ նրա ցուցմունքները չեն կարող դրվել մեղադրական դատական ակտի հիմքում։

— Նախաքննության ընթացքում ինչպիսի՞ թերություններ եւ խախտումներ են եղել։

— Ես այս քրեական գործով որպես պաշտպան ներգրավվել եմ 2021 թվականին՝ օգոստոս ամսին։ Այդ ժամանակ քրեական գործն արդեն ուղարկված էր դատարան, այսինքն՝ նախաքննությունն ավարտված էր։ Երբ ուսումնասիրեցինք քրեական գործի նյութերը, հայտնաբերեցինք բազմաթիվ խախտումներ, որոնք թույլ էին տրվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Պարզել ենք, որ բազմաթիվ քննչական եւ այլ դատավարական գործողություններ, որոնք ենթակա էին կատարման, պարզապես չեն կատարվել, քանի որ մեր գնահատմամբ դրանցով կհաստատվեր իմ պաշտպանյալի անմեղությունը։

Այդ իսկ պատճառով պաշտպանական կողմը ստիպված է դատաքննության փուլում լրացնել նախաքննության ընթացքում քննիչների կողմից թույլ տրված բացերը եւ շտկել նրանց սխալները, սակայն ակնհայտ է, որ ենթադրյալ իրադարձություններից 6-7 տարի անց այդ անելն ավելի դժվար է։ Չնայած դրան, մենք չենք նահանջում ու բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել դատարան՝ դատաքննությունը լրացնելու համար։

— Անդրադառնանք Կ. Մ-ի առողջական վիճակին։ Ի՞նչ խնդիրներ ունի նա, եւ արդյոք երկարատեւ կալանքը չի հանգեցրել առողջական վիճակի վատթարացման։

— Սա եւս շատ կարեւոր հարց է, որի վրա ցանկանում եմ հատուկ ուշադրություն հրավիրել։ Իմ պաշտպանյալ Կ. Մ-ն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ։

Դատարան են ներկայացվել նրա առողջական վիճակի վերաբերյալ բազմաթիվ բժշկական փաստաթղթերը, որոնց համաձայն՝ նրա մոտ ախտորոշված են բազմաթիվ հիվանդություններ։ Հատկանշական է, որ երբ ուսումնասիրում ենք այդ բժշկական փաստաթղթերի ժամանակագրությունը, տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում նրա մոտ ախտորոշված հիվանդությունների թիվն ավելացել է։ Այսինքն՝ անազատության մեջ գտնվելու ընթացքում ի հայտ են եկել նոր հիվանդություններ։ Սա, մեր գնահատմամբ, վկայում է այն մասին, որ կալանքի պայմաններում նրա առողջական վիճակը գնալով վատթարացել է եւ շարունակում է վատթարանալ։

Այս պահին եւս նա ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, այդ թվում՝ հենաշարժողական, որոնք ավելի են սրվում յուրաքնաչյուր անգամ նրան դատարան տեղափոխելու ժամանակ։ Հատկապես այս խնդիրը շատ սուր էր, երբ տարիներ շարունակ նա պահվում էր Երեւանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, մինչդեռ դատական նիստերը կայանում էին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Այսինքն՝ յուրաքանչյուր անգամ նա դատական նիստին մասնակցելու համար տեղափոխվում էր մոտ 250 կիլոմետր։ Առ այսօր յուրաքանչյուր անգամ, երբ նրան տեղափոխում են դատարան, ճանապարհին նրա առողջական վիճակը վատթարանում է եւ գրեթե յուրաքանչյուր դատական նիստից առաջ դատարանը ստիպված է լինում շտապօգնություն հրավիրել։ Միայն բժիշկների միջամտությունից հետո է հնարավոր լինում շարունակել դատական նիստը։

Եղել են դեպքեր, երբ մեկ նիստ ընթացքում մի քանի անգամ է շտապօգնություն հրավիրվել։ Վերջին շրջանում նրան տեղափոխել են մեկ այլ քրեակատարողական հիմնարկ, որն ավելի մոտ է դատարանին, սակայն նույնիսկ այս պայմաններում նրան դատարան տեղափոխելու ճանապարհին նրա առողջական վիճակը կրկին վատթարանում է։ Կարծում եմ՝ դատարաններն այս հանգամանքները եւս պետք է հաշվի առնեն կալանքի անհրաժեշտությունը գնահատելիս։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր