211652_close_icon
views-count3028 դիտում article-date 14:56 21-12-2019

Արցախի նախագահը Ստեփանակերտում մասնակցել է բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը կարևորել է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը, օրինակելի համարել Լևոն Հայրապետյանի մասնակցությունն Արցախի զարգացման ու զորացման գործում՝ ընդգծելով, որ նա միշտ կմնա արցախցիների հիշողության մեջ: Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, Լեւոն Հայրապետյանի հարազատները, հասարակության ներկայացուցիչներ: Լևոն Գուրգենի Հայրապետյանը ծնվել է 1949 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Ավարտել է ՄՊՀ-ի Փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ 2008 թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Նա ձերբակալվել էր Մոսկվայում՝ խարդախության կասկածանքով, սակայն չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը կյանքից հեռացել է 2017թ. հոկտեմբերի 18-ին, երկարատև հիվանդությունից հետո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր