211652_close_icon
views-count3677 դիտում article-date 16:03 24-04-2015

Արցախի նախագահը Ստեփանակերտում մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատուն-հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը. լուսանկարներ

Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանգակատուն-հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը: Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ այսօր ամբողջ աշխարհի հայության եւ առաջադեմ մարդկության ուշադրությունը սեւեռված է հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական ու սեւ էջի՝ Հայոց ցեղասպանության վրա, հավելելով, որ յուրաքանչյուր հայ, երկրագնդի որ ծայրում էլ լինի, իր պարտքն է համարում հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Նախագահի բնութագրմամբ` թշնամին չէր պատրաստվում բավարարվել միայն Արեւմտյան Հայաստանի ոչնչացմամբ եւ նպատակ ուներ ավարտին հասցնել հայասպանության քաղաքականությունը՝ նույն ճակատագրին արժանացնելով նաեւ Արեւելյան Հայաստանը: Բակո Սահակյանի խոսքով` ոճրագործությունների չճանաչումը, պատասխանատվությունից խուսափումը եւ անտարբերության ցուցաբերումը ծնում են նոր աղետներ: Եվ այն, որ միջազգային հանրությունն անմիջապես չճանաչեց ու չդատապարտեց Մեծ եղեռնը, նաեւ բերեց նրան, որ երկրագնդի տարբեր տարածաշրջաններում իրականացվեցին նոր ցեղասպանություններ: <<Թուրքիայի օրինակով ոգեւորված եւ անպատիժ մնալու հեռանկարով գոտեպնդված Ադրբեջանը նույնպես ցեղասպանություն իրականացրեց հայ ժողովրդի նկատմամբ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում եւ Արցախի տարբեր բնակավայրերում: Սակայն հրեշավոր այս ծրագիրը թշնամին չկարողացավ լրիվությամբ իրագործել: Համայն հայությունը համախմբվեց, վերականգնվեց մեր անկախ պետականությունը, կազմավորվեց ազգային բանակը: Արցախյան շարժումը, մեր ազգային-ազատագրական պայքարը եւ փառավոր հաղթանակները դարձան յուրատեսակ մի դատ ցեղասպան պետության, նրա անմարդկային քաղաքականության հանդեպ>>,- ընդգծել է Նախագահ Սահակյանը: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այս հուշակոթողը կդառնա ուխտավայր, որտեղ այցելելիս յուրաքանչյուր ոք կունենա խոր ու նվիրական զգացումներ, կվերապրի մեր ժողովրդի ցավը եւ միաժամանակ կլցվի հույսով ու հավատով: Բակո Սահակյանը նշել է, որ վաղ թե ուշ հայոց ցեղասպանությունը կճանաչվի ու կդատապարտվի միջազգային հանրության կողմից, քանի որ նման հանցագործությունը չի կարող ընդմիշտ անպատիժ մնալ: <<Վերջնական հաղթանակին հասնելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ ժողովրդի հուսալի ապագան ապահովելու ամենակարեւոր երաշխիքները հայոց անկախ պետականությունն է, մեր հզոր ու մարտունակ բանակը, Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնությունը եւ սեփական ուժերին ապավինումը>>,- իր ելույթում շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր