211652_close_icon
views-count2898 դիտում article-date 09:32 18-12-2019

Ինձ Երևանի ավագանուց հետ կանչելու հարցն առիթ դարձավ, որ «Հանրային» ՀԸ-ից հրավիրեն եթերի, մինչդեռ «ԿամԱզ»-ների դեպքերում ես այնտեղից այդպես էլ հրավեր չստացա. Դավիթ Խաժակյան. 168.am

Ինձ Երևանի ավագանուց հետ կանչելու հարցն առիթ դարձավ, որ Հանրային հեռուստաընկերությունից, մասնավորապես Պետրոս Ղազարյանից հարցազրույցի հրավեր ստանամ, մինչդեռ երբ «ԿամԱԶ»-ների դիմաց շինթույլտվություններին աղմուկը բարձրացավ, ինձ այդպես էլ Հանրային հեռուստաընկերություն չհրավիրեցին: Այս մասին [url=https://168.am/]168.am[/url]-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, թե այս անգամ հնարավորություն է ունեցել քննադատել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և ասել, որ վերջինս պաշտոնեական լիազորություն է անցել, կեղծել է փաստաթուղթ, ինչը քրեական օրենսգրքով պատժելի է: Անդրադառնալով հարցին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դժգո՞հ է ավագանու «Լույս» խմբակցության մյուս երկու անդամների՝ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի ակտիվ գործելաոճից, Խաժակյանն ասել է. «Ոչ, ես կարծում եմ՝ այդպես չի կարելի ձևակերպել: Երեկ Երևանի ավագանու նիստին իմ՝ հանցագործության մասին հաղորդումից թեման շեղվեց, շատ քաղաքացիներ դիմեցին թե՛Էդմոն Մարուքյանին, թե՛ մեր կուսակցության խորհրդի մյուս անդամներին՝ ասելով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն արդեն անձնական վիրավորանքներ են հասցնում քաղաքապետին, անձնական բնույթի մտքեր են արտահայտում»: Խաժակյանը նշել է, որ իրենց մոտ տարակուսանք է առաջացրել այն հանգամանքը, որ մարդիկ չէին ասում, որ նոր Հայաստանի համար առնվազն տարօրինակ է, որ պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ է մեղադրվում ընտրովի պաշտոն զբաղեցնող անձը՝ քաղաքապետը. «Մարդիկ կենտրոնացել էին այլ բանի վրա և անընդհատ ասում էին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ, մինչդեռ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունում «Լուսավոր Հայաստան»-ից ներկայացված եմ միայն ես՝ որպես կուսակցության անդամ, իսկ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը «Հանրապետություն» կուսակցության անդամներ են»: Դավիթ Խաժակյանը նաև ընդգծել է, թե իրենք խմբակցության ներսում հաճախ են քննարկումներ ունենում իրենց արտահայտած մտքերի վերաբերյալ՝ փորձելով ընդհանուր գիծը կարգավորել, բայց այս անգամ, ըստ Խաժակյանի, քաղաքապետը սադրանքի է դիմել, և իր ծիծաղով ու Թեհմինա Վարդանյանի խոսափողն անջատելով՝ հասցրել այնպիսի վիճակի, երբ Վարդանյանը, քաղաքապետին դիմելով, որոշակի անձնական բնորոշումների է անցել, ինչը շատերի մոտ զայրույթ է առաջացրել: «Այսպիսի բան չէր եղել, որ, օրինակ, Ազգային Ժողովի որևէ նախագահ Նիկոլ Փաշինյանի ելույթն ընդհատած լիներ՝ անկախ նրանից՝ բովանդակությունը լա՞վն էր, թե՞ վատն էր, կամ համապատասխանո՞ւմ էր օրակարգին, թե՞ ոչ»,-հավելել է Խաժակյանը՝ ընդգծելով նաև, թե ոչ մի դեպքում սադրանքի չպետք է տրվեին: «Նույնիսկ երբ քաղաքապետի պահվածքը հարիր չէ քաղաքապետին, մենք պետք է զերծ մնանք նույն հարթության մեջ անցնելուց, և մեր խոսքի բովանդակությունը դրանով չպետք է ստվերվի, պետք է անձնականի բնորոշումները նվազեցնենք և իրական քաղաքական գնահատականները բերենք առաջ»,-նշել է «Լույս» խմբակցության ղեկավարը: Նա նշել է նաև, թե կուսակցությունում իրենից հետաքրքրվել են՝ Վարդանյանի հետ քննարկե՞լ է վերջինիս երեկվա ելույթը. «Պատասխանել եմ, որ ես համոզված չեմ, որ հաջորդ ավագանու նիստին, երբ մենք հերթական կարևոր քայլը կանենք, քննադատությունը կուղղենք, դա չի լինի: Պարզապես կուսակցությունը պատասխանատու է իմ պահվածքի համար, այլ ոչ իրենց, սակայն ստացվում է, որ կուսակցությունը ստանում է այն արձագանքը, որը կարգավորելու լիազորություն չունի»,-ասել է Դավիթ Խաժակյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե երբ «ԵԼՔ» դաշինքի դեպքում անձնական վիրավորանքների ժամանակ Էդմոն Մարուքյանը վայր չի դրել մանդատը և դուրս չի եկել, Դավիթ Խաժակյանն արձագանքել է, որ «ԵԼՔ»-ի դեպքում բոլորը տարանջատում էին՝ ով է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ով՝ «Լուսավոր Հայաստան»-ից: Հարցազրույցի մանրամասները՝սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր