212344 դիտում
18:40 10-12-2019
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. հայրն ասում է. «15 օրից երկար սպասված տղաս պետք է ծնվեր, բայց Վարդենիսի բժիշկների մեղքով նա մահացավ». Մարտունու բժիշկներն էլ պայքարում են նրա կնոջ կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչները, ովքեր պատրաստվում էին հերթական ուրախությունը դիմավորել, հայտնվել են անելանելի վիճակում։
Գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում Ծովակ գյուղի բնակիչ՝ հղիության վերջին շրջանում գտնվող 32-ամյա Ինետա Գալստյանին Վարդենիսի ծննդատուն են տեղափոխել, որտեղ հանդիպել են անմարդկային վերաբերմունքի, բժիշկների ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճի, ինչն էլ հանգեցրել է դժբախտության. նրանց տղա երեխան, որը ընտանիքի 4-րդ զավակն էր լինելու 3 աղջիկներից հետո, մահացել է։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ի. Գալստյանի հարազատներն ասում էին. «Բոլորս ուրախությամբ սպասում էինք 4-րդ զավակի լույս աշխարհ գալուն, որը տղա էր լինելու, սակայն այդպես չեղավ։ Մենք գոհ ենք Մարտունու ծննդատան ողջ բուժանձնակազմից՝ հանձինս բժիշկներ Գոռ Շաբոյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Սեդրակ Սահակյանի, Լյովա Գասպարյանի, ինչպես նաև մյուս բուժաշխատողների ու նույնիսկ սանիտարների, ովքեր արդեն 1 օր է, պայքարում են մոր կյանքի համար։ Մենք խոնարհվում ենք բժիշկների առջև, քանի որ հենց նրանց շնորհիվ մոր կյանքը փրկվեց։ Ողջ գիշեր ծննդատանը՝ բժիշկներից ու սանիտարներից բռնած, հիվանդի կողքից տեղ չէին գնում։ Բառերով չէ, որ պետք է ներկայացնենք Մարտունու ծննդատան ողջ բուժանձնակազմի վերաբերմունքն ու հոգատարությունը՝ հանձինս Գոռ Շաբոյանի, սակայն նույնը չենք կարող ասել Վարդենիսի ծննդատան մասին»։
Ի. Գալստյանի ամուսինն էլ՝ Հրայր Խուրշուդյանը, ասում էր. «7-8 տարի է, սպասել ենք արու զավակի, ու մեծ ոգևորությամբ էինք սպասում, բայց ի՞նչ իմանայինք, որ Վարդենիսի բժիշկների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում կկորցնենք մեր տղա երեխային։ Բայց գոնե Մարտունու ծննդատան բժիշկների շնորհիվ կնոջս կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Էրեբունու բուժանձնակազմից էլ եկել են ու իրենց հսկողությամբ ռեանիմոբիլով տեղափոխելու են Երևան։ Մեր չծնված տղային էլ հետ չենք բերի, բայց ուզում ենք, որ մեղավորները, ովքեր միանաշանակ Վարդենիսի բժիշկներն են, պատասխանատվության ենթարկվեն, ինչը դաս կլինի, որ հետագայում մեր նման ընտանիքներ էն վիշտը չապրեն, որ հիմա մենք ենք ապրում։ Ո՞վ է տեսել՝ մի քանի օրում Վարդենիսի հիվանդանցի բժիշկների անփութության հետևանքով 3 ընտանիքներ իրենց հղի կանանց տեղափոխեն Մարտունու ծննդատուն, որտեղի բժիշկների շնորհիվ էլ նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Մենք պահանջում ենք, որպեսզի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու պատասխանատու մարմինները հետևություններ անեն ու, վերջապես, Վարդենիսի հիվանդանոցում կարգուկանոն հաստատվի»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին Երևանից Մարտունու ծննդատուն է ժամանել Էրեբունու բժշկական կենտրոնի ռեանիմոբիլը, որը պետք է քիչ հետո կնոջը տեղափոխի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Կնոջ հարազատներն էլ պահանջում են, որպեսզի առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հետևողականության արդյունքում Վարդենիսի ծննդատունը սկսի աշխատել այնպես, ինչպես Մարտունու ծննդատունն է աշխատում՝ պրոֆեսիոնալ ու հոգատար մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուրին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+