211652_close_icon
views-count93110 դիտում article-date 15:40 04-07-2026

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղ ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու՝ դանակահարված վիճակում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի և Վարչության պետի տեղակալ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, քրեական և համայնքային  ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։

Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե որտեղ են նրանք դանակահարվել։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ջրաշեն գյուղից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս 1 քաղաքացի, ով Արեն Վարդանյանն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա առնչություն ունի այս միջադեպի հետ։

Լոռու մարզի քրեական ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել են դեպքի վայրը, որը Ջրաշեն 6-րդ փողոցի տներից մեկի մոտ է, և այդ տունը պատկանում է նախկին վարչական ղեկավարին։ Տան և հարակից փողոցում հայտնաբերվել են արնանման հետքեր։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին որ միջադեպը ավտոմեքենաները արագ քնելու կամ չկայանելու շուրջ է եղել, մի խոսքով լրիվ «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն։

Իսկ «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվածը որպես կասկածյալ է, ով դանակահարել է նշված անձանց և նա ծառայում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր