Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի նախագահի հետ
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը դեկտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի նախագահ Թեոդոր Մելեշկանուին:
Այս մասին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ` անդրադարձ կատարելով նաև խորհրդարանական ձևաչափին:
Դեսպան Մինասյանը շնորհակալությամբ անդրադարձել է նախագահ Մելեշկանուի անձնական դերակատարմանը վերջերս Ռումինիայի խորհրդարանի երկու պալատներում Հայաստանին և հայերին վերաբերող միաձայն ընդունված երկու օրինագծերի վավերացման գործում:
Կողմերը երկուստեք ընդունել են, որ ՀՀ-ԵՄ ՀԸԳՄ վավերացման, ինչպես նաև հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակման օրինագծերը կարևոր խթան են հանդիսանում երկու ժողովուրդների և պետությունների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման տեսանկյունից, ինչին իր նպաստն է բերում նաև ռումինահայ համայնքը:
Թեոդոր Մելեշկանուն կարևորել է նաև Բուխարեստ-Երևան ուղիղ ավիաչվերթի գործարկումը, որը պետական մակարդակով երկկողմ համագործակցության իրականացման արդյունավետ քայլերից էր և հույս հայտնել, որ նման նախաձեռնությունները կկրեն շարունակական բնույթ: