Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում իրենց առաքելությունը ավարտեցին «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի մասնագետները
Ապրիլի 18-ին Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում իրենց առաքելությունը շարունակել և ավարտել են «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի մասնագետները:
Ինչպես նկատել է գինեկոլոգ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, աշխատանքային երկրորդ օրը կես չեղած՝ ինքն արդեն հասցրել է զննել ու համապատասխան բժշկական օգնություն ցույց տալ ավելի քան հիսուն այցելուի: Պատկերն իրականում վատ չէ, հավաստիացրել է գինեկոլոգ-ուռուցքաբանը, ծանոթանալով ինչպես տեղում, այնպես էլ Երևանում վիրահատված կանանց բժշկական փաստաթղթերին:
Վիրահատությունները կատարվել են միանգամայն գրագետ, ինչպես նաև, ճիշտ են տարվում հետվիրահատական բուժումները:
Հյուրերը վստահեցրել են, որ Արցախի առողջապահության ոլորտում կատարվող ու սպասվող բարեփոխումները շուտով կտան իրենց ցանկալի արդյունքները: Կոչ են արել Արցախի կանանց ավելի ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ, ժամանակին դիմել սկրինինգային հետազոտությունների՝ հիվանդությունների կանխարգելման համար:
Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում երկու օրվա ընթացքում մասնագետները ընդունել, զննել ու խորհրդատվության են ենթարկել 270 հիվանդի: