1450 դիտում
22:30 03-12-2019
ԱՆ-ԵԽ համագործակցության արդյունքում մեկնարկում է նոր ծրագիր
Արդարադատության նախարարի տեղեկալ Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը և քննարկել բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր ծրագրի ուղղությունները:
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սրբուհի Գալյանը, բարձր գնահատելով ԵԽ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունն ու համատեղ իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի արդյունքները, կարևորել է բարեփոխումներին ուղղված նոր փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ուղղված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ կադրերի վերապատրաստմանը, դատապարտյալների խնամքին ուղղված համապատասխան ուղեցույցների մշակմանը, բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմանը և մի շարք այլ հարցերի: Նշենք, որ բանտային առողջապահության ոլորտի բարեփոխումը Կառավարության կողմից հաստատված «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագրի կարևոր ուղղություններից է:
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ընդգծել է իրականացված և իրականացվելիք երկու ծրագրերի կարևորությունը և համատեղ ուժերով բանտային առողջապահության ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՔԿՀ-ներում պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրան որակի բարձրացման, բժշկական անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, կադրերի վերապատրաստման, անհրաժեշտ ուղեցույցների մշակմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակում ձեռք էին բերվել բժշկական նորագույն սարքավորումներ, շուրջ 1000 քրեակատարողական ծառայողներ վերապատրաստվել էին՝ բժշկական էթիկայի, բժշկական գաղտնիքի և այլ թեմաներով, ՔԿՀ-ների բժշկական անձնակազմի համար ձեռք էր բերվել անհրաժեշտ կահույք, ինչպես նաև կազմվել էին «Բանտային առողջապահության հիմնախնդիրները և բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» ձեռնարկը և «Կալանավորված և դատապարտված անձանց առողջապահական իրավունքների և դրանց իրացման մեխանիզմների» ուղեցույցը:
Նմանատիպ նյութեր
834 դիտում
18:46 12-08-2014
Մեկնարկում է սողանքների կառավարման հայ-ճապոնական նոր ծրագիր
2468 դիտում
12:57 20-02-2018
Մեկնարկում է նոր ծրագիր` ուղղված կաթի արտադրության ոլորտի բարելավմանը
1298 դիտում
13:52 17-02-2019
Գլոբբինգը մեկնարկում է բարեգործական նոր ծրագիր
Այս բաժնից
400 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան