211652_close_icon
views-count2694 դիտում article-date 16:46 30-11-2019

Գյումրիում ՊԵԿ սպասարկման կենտրոնում չկա որևէ մենաշնորհ ավտոմեքենաների բեռնման-բեռնաթափման ոլորտում. ՊԵԿ-ը պարզաբանում է

Գյումրի քաղաքում գործող ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում չկա որևէ մենաշնորհ ավտոմեքենաների բեռնման-բեռնաթափման և հարակից ծառայությունների մատուցման ոլորտում: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ներմուծողները հնարավորություն ունեն իրենց ավտոմեքենաները բեռնարկղերից բեռնաթափել անձամբ, այլ անձի միջոցով, կամ դիմել տարածքում մրցույթով հաղթած ծառայություն մատուցող կազմակերպությանը։ Այս կազմակերպությանը զուգահեռ, այսօր ԱՏԳ կենտրոնում ևս մոտ 14 կազմակերպություն կատարում են իրենց բեռնաթափումները։ Հարկ է նշել, որ ավտոմեքենաների մոտ 60 տոկոսը ժամանում է ինքնաշարժ եղանակով, այսինքն՝ բեռնաթափման կարիք չունի: Հետևաբար ստացվում է, որ օրական ժամանող 800 մեքենայից բեռնաթափվում է մոտ 300-ը։ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ հիշատակված կազմակերպությունը որևէ կապ չունի ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց հետ: Կազմակերպության ընտրությունը կատարվել է հրապարակային մրցույթով: Գնման գործընթացի շրջանակներում հրավերն ու հայտարարությունը հրապարակվել են 15.10.2019թ. gnumner.am պաշտոնական կայքում, և հաղթող է ճանաչվել «ԲԻԷՅՋԷՄ ԿԱՐԳՈ ՀԵՆԴԼԻՆԳ» ՍՊԸ-ն: Կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպություններին և հետաքննող լրագրողներին ՊԵԿ-ը խնդրում է ուսումնասիրել այս գործընթացը։ ՊԵԿ կարծիքով՝ դրանով վերջ կդրվի կեղծ և զրպարտող հայտարարություններ տարածելու ցանկություններին։ Կոմիտեն հայտնում է նաև, որ աշխատակիցների քանակի և ձևակերպվող ավտոմեքենաների քանակի մասին պնդումները ևս կեղծ են։ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը համալրվել է մոտ 70 աշխատակցով, որից 26-ը ավտոմեքենա ձևակերպող տեսուչներ են, իսկ 29․11․2019-ին Գյումրի քաղաքում մաքսազերծվել է 802 ավտոմեքենա։ Այսօր ՊԵԿ-ը ներդնում է իր ողջ ներուժը շինարարությունն ավարտին հասցնելու և քաղաքացիներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու ուղղությամբ: Աշխատանքների ընթացքում ունեցել ենք բազում կառուցողական հանդիպումներ ոլորտը ներկայացնող քաղաքացիների և տնտեսվարողների հետ, որի արդյունքում լուծվել են թե առկա խնդիրները, թե՝ ծնվել նոր գաղափարներ: Հետևաբար, եթե կան ոլորտը բարելավող գաղափարներ, ապա հորդորում ենք անցնել կառուցողական դաշտ, մնալ կոռեկտության սահմաններում, իսկ ենթադրյալ ապօրինությունների մասին խոսել նախևառաջ իրավապահ մարմինների հետ։

Նմանատիպ նյութեր