211652_close_icon
views-count3643 դիտում article-date 20:38 23-11-2019

Ուկրաինայի հայերը խաչքար են տեղադրել Շիրակի մարզում

Ուկրաինայի հայերը արդեն երկրորդ խաչքարն են տեղադրում պատմական Հայրենիքում, հայտնում է [url=http://analitikaua.net/2019/armyane-ukrainy-otkryli-hachkar-v-shirakskoj-oblasti-armenii/]AnalitikaUA.net-[/url]ը: Նշվում է, որ Զապորժիեի մարզի Հայերի միության եւ դրա ղեկավար Արտաշես Սարգսյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ Հայաստանում՝ Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղում տեղի է ունեցել խաչքարի բացում: Կազմակերպիչների խոսքով՝ եկեղեցու տարածքում հուշահամալիրը նվիրված է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված զինվորներին: Միջոցառմանը մասնակցել են տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հավհաննիսյանը, Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ եւ այլ պատվավոր հյուրեր: Հիշեցնենք, որ Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից սկսած երկրի տարբեր մարզերում տեղադրվել է ավելի քան 20 խաչքար: Ուկրաինայի Կիեւյան Սոֆյայի հնագույն տաճարում թանգարանի ցուցադրությունը եւս համալրվել է հայկական խաչքարով, որը նվիրված է Ռուսիայի մկրտիչ իշխան Սուրբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ: Անցյալ տարի Ուկրաինայի հայերի նախաձեռնությամբ սկսել են խաչքարեր տեղադրել արդեն նաեւ Հայաստանի բնակավայրերում, առաջին խաչքարը տեղադրվել է Այրումում: Մոտ ժամանակներս նախատեսվում է խաչքարերի բացում նաեւ այլ բնակավայրերում: Պարբերականը հիշեցնում է, որ նոյեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Ուկրաինայից ուկրաինահայ գործիչների խմբին: Պատվիրակության կազմում էին հայկական համայնքների ղեկավարներ եւ Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր նախագծերի իրականացման հետ կապված հարցեր: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ուկրաինայի Հայերի միությունը հումանիտար օգնություն է ցուցաբերել Ապրիլյան պատերազմի ժամանակ տուժածների ընտանիքներին: 2016 թվականի օգոստոսից մոտ 40 ընտանիք հումանիտար օգնություն է ստացել:

Նմանատիպ նյութեր