1309 դիտում
21:58 20-11-2019
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի նախարարների համաժողովին
Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 19-ին կայացած մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 100 անդամ պետությունների ոլորտային նախարարներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Նարինե Խաչատուրյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները հնարավորություն են ընձեռել մշակույթի և գեղարվեստական կրթության բնագավառում սկիզբ դնել բարեփոխումների՝ հիմնվելով համընդհանուր արժեքների` խաղաղության, ժողովրդավարության և մարդու հիմնարար ազատությունների վրա: Իր խոսքում նախարարի տեղակալը կարևորել է կանանց, երիտասարդների ներգրավումը մշակութային քաղաքականության մշակման գործընթացում: Անդրադարձել է նաև «Իմ արվեստը դպրոցում» ծրագրին, որի շրջանակում հայտնի արվեստագետներն, արվեստաբաններն ու փորձագետները, այցելելով դպրոցներ, իրենց փորձն են փոխանցում դպրոցականներին` կրթելու ստեղծագործ երիտասարդություն:
«Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է նաև սահմանափակ կարողություններով անձանց ազատ ստեղծագործելու և մշակութային կյանքին մասնակցություն ունենալու հնարավորության ստեղծումը` ինչն ապահովում է բազմազանությունը, ներառականությունը և ազատությունը մշակույթի ոլորտում: Կարողությունների զարգացման նպատակով կանանց համար կազմակերպվում են աշխատաժողովներ, սեմինարներ, տոնավաճառներ և այլ միջոցառումներ` հատուկ ուշադրություն դարձնելով փախստականների, մասնավորապես` Սիրիայից հայրենիք վերադարձած կանանց համար»,- նշել է Նարինե Խաչատուրյանը` հավելելով, որ կինոարտադրության բնագավառում նաև հնարավորություն է ընձեռվում մեկտեղել մասնագետների և կինոարտադրողների հնարավորությունները, իսկ ՏՏ ոլորտում այս տարի Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխությունում հաղթել են երկու նախագիծ` «Սոլակ-1» և «Թումո» ստեղծարար կենտրոնի սաների իրականացրած հետազոտական աշխատանքները:
Նարինե Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը՝ միջմշակութային երկխոսության միջոցով նպաստելու խաղաղությանը և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի ձևավորմանը:
Համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը երկկողմ հանդիպում է ունեցել Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Ստիլիանի Մանդոննի հետ՝ վերջինիս խնդրանքով: Հանդիպմանը մասնակցել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի պետ Լենա Թերզիկյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընթացքն ու գալիք ծրագրերը: Երկուստեք ընդգծվել է հայ-հունական բարեկամության վրա հիմնված միջմշակութային երկխոսության խորացման և ընդլայնման, մշակութային ժառանգության պահպանման գործում համատեղ ջանքերի կարևորությունը` որպես հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող երկրներ:
Նմանատիպ նյութեր
1179 դիտում
13:53 27-09-2022
Դումանյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաժողովին եւ ելույթ կունենա
760 դիտում
16:24 12-02-2024
Ժաննա Անդրեասյանն Աբու-Դաբիում կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին
1930 դիտում
15:10 10-07-2015
Մշակույթի նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով օգնականի հետ
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան