211652_close_icon
views-count988 դիտում article-date 18:56 13-11-2019

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը 15 տարեկան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: 15-ամյա ֆակուլտետի հոբելյանական միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. պարոն Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ Վիկտոր Ենգիբարյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, ֆակուլտետի ամբիոնի վարիչներ, դասախոսներ, շրջանավարտներ և օտարերկրացի հյուրեր: Մինչև միջոցառման հանդիսավոր բացումը` ներկաները դիտեցին 15-ամյա ֆակուլտետի պատմության և գործունեության մասին պատմող տեսահոլովակ, որից հետո նրանց ողջունեց և շնորհավորեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը: Նա նշեց, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը համալսարանի ամենաերիտասարդ ֆակուլտետն է, չնայած, որ այն կարող էր լինել նաև ԵՊՀ-ի ամենահին ֆակուլտետներից մեկը, քանի որ 1921 թվականին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում է ընդունել, որ ԵՊՀ-ում պետք է լինի երկու ֆակուլտետ՝ Սոցիոլոգիական և Բնագիտական: «Պատկերացնում եք՝ քանի տասնամյակ պահանջվեց, որ այդ որոշումն իրականացվի: Մենք մեր պատմությունն ենք ներկայացնում, բայց այստեղ գտնվող ուսանողներն ու շրջանավարտները լինելու են մեր ֆակուլտետի ապագան»,- նշեց ֆակուլտետի դեկանը: Սոցիոլոգներին ողջունեց և տոնի առթիվ շնորհավորեց ՀՀ ԱԺ պատգամավոր, Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ Վիկտոր Ենգիբարյանը. «Սոցիոլոգներն ունեն առանձնահատուկ բնավորություն, աշխարհայացք, իսկ այսօր՝ արագ փոփոխվող դեպքերի ժամանակաշրջանում, սոցիոլոգների դերը դառնում է անփոխարինելի: Մենք՝ որպես հանրային ոլորտի աշխատակիցներ ու կառավարիչներ, պետք է իրադարձություններին նայենք սոցիոլոգի հայացքով, գնահատենք իրողությունները և տանք ճիշտ գնահատական»: Սոցիոլոգներին ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ շնորհավորեց նաև ԵՊՀ ռեկտորի ժ.պ. պարոն Գեղամ Գևորգյանը: Պարոն Գեղամ Գևորգյանը Սոցիոլոգիայի ֆակուլտետն անվանեց ԵՊՀ-ի ամենաստեղծագործ ֆակուլտետներից մեկը: «Եթե Սոցիոլոգիան լիներ ամենահին ֆակուլտետներից մեկը, ապա դուք ձեզ վրա կկրեիք ժամանակի կնիքը, և հետո ձեզ դժվար կլիներ հարմարվել նոր ժամանակներին, դուք հիմնադրվել եք ճիշտ այն ժամանակ, երբ անհրաժեշտ էիք մեր հասարակությանն ու համալսարանին»,- ընդգծեց ռեկտորի ժ.պ-ն: Վերջինս ֆակուլտետի հիմնադրման ու զարգացման մեջ ունեցած կարևոր ավանդի համար շնորհակալություն հայտնեց Լյուդմիլա Հարությունյանին: Նշենք, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում ԵՊՀ արծաթե մեդալով պարգևատրվեցին Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի դասախոս Աննա Մաքսուդյանը, Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Աննա Ոսկանյանը, ԵՊՀ հոբելյանական արծաթե հուշադրամով՝ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը, հայրենիքի հանդեպ մղված պայքարում ցուցաբերած տոկունության և կրթության հանդեպ ու ուսման նկատմամբ ունեցած կամքի համար հեռակա բաժնի ուսանող Հայկ Թորոսյանը, ինչպես նաև շնորհակալագրեր ու պարգևատրումներ հանձնվեցին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մի շարք դասախոսների և ուսանողների: Միջոցառման ընթացքում մշակութային համարներով հանդես եկան ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները և շրջանավարտները: Տեղեկացնենք, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը հոբելյանական տարին նշել է մի շարք միջոցառումներով։ Ապրիլի 26-27-ը տեղի են ունեցել «Հայ սոցիոլոգիական մտքի անթոլոգիա» գրքի հրատարակումն ու շնորհանդեսը և «Համալսարանական կրթությունը սոցիոլոգիական հեռանկարում. մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային գիտաժողովը, իսկ հոկտեմբերի 29-ին Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտները ֆակուլտետի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համատեղ իրականացրել են «Հանրային քաղաքականության սոցիոլոգիական հենքը Հայաստանում» խորագրով գիտաժողով, նոյեմբերի 4-ին՝ Հայաստանում սոցիալական աշխատողի օրը, ֆակուլտետը կազմակերպել է «Սոցիալական աշխատանքը և արժանապատիվ սոցիալական պաշտպանության արդի օրակարգը Հայաստանում» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված Սոցիոլոգիայի ֆակուլտետի ու Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի 15-ամյակներին։ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ որպես առանձին ստորաբաժանում, գործում է 2004 թ. սեպտեմբերից: Այն ձևավորվել է Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի՝ 1986 թ. կազմավորված Կիրառական սոցիոլոգիայի և 2004 թ. առանձնացած Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնների հենքի վրա: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետն իր 15-ամյա գործունեության ընթացքում արդյունավետ համագործակցություն է ծավալել ՀՀ պետական, հասարակական, երեք տասնյակից ավելի արտասահմանյան համալսարանների և կազմակերպությունների հետ: Ֆակուլտետի 15 տարվա աշխատանքի արդյունք են տասնյակ մենագրություններ, դասագրքեր և հարյուրավոր գիտական հոդվածներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր