211652_close_icon
views-count1883 դիտում article-date 20:59 03-09-2018

Մեզ համար գնահատականը քաղաքացիների բավարարված լինելն է. Մանե Թանդիլյանը՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հյուր

Այսօր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը հյուրընկալել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: Ողջունելով ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ներկա ուսանողներին՝ Մանե Թանդիլյանն իր ուրախությունը հայտնեց այն կապակցությամբ, որ հանդիպում է հենց իր ղեկավարած ոլորտի ապագա մասնագետներին: Խոսելով ակնկալիքների մասին՝ նախարարն անդրադարձավ այն խնդիրներին, որոնց լուծմանն է ուղղված լինելու ապագա մասնագետների աշխատանքը: «Մեզ համար գնահատականը քաղաքացիների բավարարված լինելն է: Յուրաքանչյուր քաղաքացու համար իր խնդիրն առանձնահատուկ է, և դա այդպես է: Մեր աշխատանքն է հասկանալ այդ առանձնահատկությունը»,- հավելեց նախարարը: Ուսանողների հետ քննարկելով ոլորտի բացերը՝ Մանե Թանդիլյանը պատրաստակամություն հայտնեց լսելու նոր սերնդի առաջարկները և համագործակցելու ուսանողների հետ՝ հաշվի առնելով նրանց կատարած ուսումնասիրությունները կուրսային և դիպլոմային աշխատանքների շրջանակում: «Ձեր մասնագիտությունը ճանապարհ պետք է հարթի քաղաքացիների նեղ անձնական հարցերի լուծման համար. մենք պետք է դրանք տեսնենք ներսից և օգնենք լուծել խնդիրները»,- ասաց Մ. Թանդիլյանը: Ըստ նախարարի՝ ամենաբարդը քաղաքացիների վստահությունը վաստակելն է, որը պահանջում է երկար ու հետևողական աշխատանք, և այն մեկ քայլով հնարավոր է կորցնել: Խոսելով օրենքների մասին՝ նախարար Թանդիլյանը նշեց, որ օրենքները պետք է արտացոլեն մարդու իրավունքները. «Օրենք գրողը և որոշողը մենք ենք: Օրենքը միայն գործիք է. մեր քաղաքացիները պետք է հենց այդ գործիքի միջոցով լավ ապրեն մեր երկրում»,- ավելացրեց նախարարը: Ըստ Թանդիլյանի՝ մեր հասարակությանը պակասում է հանդուրժողականությունը. «Մեզ դժվար է լսել դիմացինին, ընկալել նրա խնդիրները: Շատ հաճախ լսելու և հասկանալու փոխարեն մենք անընդհատ ուզում ենք ապացուցել մեր ճիշտ լինելը, իսկ իրականում հարցը ճիշտ կամ սխալ լինելու մեջ չէ: Պետք է զարգացնել լսելու և հանդուրժելու քաղաքակրթությունը»,- կարևորեց նախարարը՝ բացառելով ցանկացած բռնություն: Թանդիլյանը խոսեց նաև այն մասին, որ հաճախ պետությունն ունի որոշակի խնդիրների լուծումներ, սակայն դրանք չի կարողանում մատուցել քաղաքացիներին: Նա կարևորեց հասարակությանը հասկանալու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ ճանապարհով է հնարավոր գտնել լուծումներ: Նախարար Թանդիլյանն ընդգծեց, որ նման հանդիպում-քննարկումներն անհրաժեշտ են թե՛ կառավարությանը, թե՛ ուսանողներին: Երկխոսությունների միջոցով հնարավոր է լրացնել բացերը, գտնել առկա խնդիրների նոր ու թարմ լուծումները: Մեծ հույս կապելով ուսանողների հետ՝ նա վստահեցրեց, որ նրանց աշխարհընկալումը տարբերվում է ավագ սերնդի ներկայացուցիչներից, և դա թույլ է տալիս գտնել այլընտրանքային լուծումներ:

Նմանատիպ նյութեր