211652_close_icon
views-count859 դիտում article-date 23:03 04-11-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասիսի շրջանի ուխտավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն նոյեմբերի 3-ին ընդունել է Մասիսի շրջանի Դաշտավան, Զորակ և Նիզամի գյուղերի շուրջ հարյուր դպրոցականների և ուսուցիչների, որոնք հայոց հոգևոր կենտրոն էին ժամանել իրենց որդիական խոնարհումը բերելու և շնորհավորելու Ամենայն Հայոց Հայրապետին օծման ու գահակալության 20-րդ տարեդարձի առիթով: Հանդիպմանը ներկա էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ուխտավորներին ուղեկցում էր Մասիսի շրջանի Դաշտավան համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մարտիրոսյանը: Տեր Հայրը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը գահակալման քսանամյակի կապակցությամբ՝ մաղթելով արևշատ օրեր և բազմաբեղուն հովվապետություն: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ուխտավորներին՝ գոհունակություն հայտնելով Մայր Աթոռ այցելելու առիթով: Նորին Սրբությունը հիշեցրեց, որ 2019թ. հռչակվել է Ընտանիքի տարի և այս առնչությամբ հորդորեց ուխտավորներին սրբությամբ պահել ազգային ավանդույթներն ու ընտանեկան արժեքները: Նորին Սրբությունն իր բարեմաղթանքները փոխանցեց ուխտավոր հայորդիներին՝ հայցելով, որ Աստծո Սուրբ Աջը մշտապես հովանի լինի և իր առատ շնորհները հեղի նրանց վրա, որպեսզի ապրեն խաղաղ և շենացնեն հայրենի մեր երկիրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր