Դրոշի միջադեպի պատճառով ազատված մաքսային ծառայողը կրկին կանցնի աշխատանքի. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ կրկին աշխատանքի ընդունել մաքսային այն ծառայողին, ում աշխատանքից ազատել էին պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկացնում է վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառմամբ:
«Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայում պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:
Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետեւություններ անելու համար:
Հ.Գ. Ապրիլից այսկողմ բազմիցս համոզվել եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա. սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից (ինչպիսին պետք է լինի հանդիսավոր միջոցառմանը տեղադրված պետական դրոշը, աշխատանքային միջավայրում տեղադրված դրոշը, բացօթյա տեղադրված պետական դրոշը եւ այլն) շարունակած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով:
Առաջիկայում պատրաստվում եմ այս թեմայով կոնկրետ հանձնարարություններ տալ»,- գրել է Փաշինյանը:
Նշենք, որ ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը և կվերադառնա համակարգ աշխատանքի:
Այս մասին «[url=https://armtimes.com/hy/article/172656?fbclid=IwAR3UaR3Orh4cSwgurT6OjkvHzD7cgMTT4FPJ300Zy21fQzMxxjkI_BN1sDU]Հայկական ժամանակ[/url]»-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը:
«Մարտիրոսյանը կաշխատի ներքին անվտանգության վարչությունում՝ որպես մաքսային տեսուչ»,- ասել է Մկրտչյանը: