211652_close_icon
views-count2138 դիտում article-date 10:21 28-10-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Ճապոնիայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանը նախ հետաքրքրվել է, թե ինչով են նրանք զբաղվում, ապա համառոտակի տեղեկացրել այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Նա նշել է, որ իրական հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ, և շատ կոնկրետ զրույցներ է ունեցել, թե ինչ կարող ենք անել միասին։ Նախագահի խոսքով՝ համագործակցության ուղղությունները շատ հստակ են՝ նորագույն տեխնոլոգիաներ, արտակարգ իրավիճակներ, առևտրական գործարքներ, սննդի արտահանում և անվտանգություն։ «Նաև իրենցից սովորելու շատ բան ունենք պետական ծառայության ոլորտում, որովհետև այն կարգապահությունն ու նվիրվածությունը, որ այս մարդիկ ունեն, իսկապես, հիացմունք է առաջացնում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։ Նշելով, որ մեր ազգային ամենամեծ հարստությունը մարդիկ են՝ նախագահն ասել է. «Այդ ռեսուրսը պետք է լավագույնս օգտագործենք։ Մենք ունենք փայլուն անձնավորություններ, ֆանտաստիկ մարդիկ, որոնք աշխարհի տարբեր մասերում տարբեր ոլորտներում մեծ հաջողությունների են հասել, և ժամանակն է, որ օգտագործենք նրանց ներուժը»։ Այնուհետև նախագահ Սարգսյանը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին։ Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանը եղել է նաև Ճապոնիայի հնագույն քաղաքներից մեկում՝ Կամակուրայում, դիտել Ամիդա Մեծ Բուդդայի հսկայական բրոնզե արձանը, այցելել Hokoku-ji տաճար, որը հայտնի է իր բամբուկե անտառով, մասնակցել ճապոնական ավանդական թեյախմության արարողությանը։ Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են նաև ճապոնական հայտնի սրբավայրերից մեկը՝ «Ցուրուգաոկա Հաչիմանգու» սինտոյական տաճար։ Տասնմեկերորդ դարում հիմնված և Հաչիման աստծուն նվիրված տաճարը ներկայումս համարվում է ոչ միայն պատմական հայտնի վայրերից մեկը, այլև կարևոր մշակութային կենտրոն է։ Տաճարում հնչեցված՝ Հայաստանի ու Ճապոնիայի բարեկամությանը նվիրված աղոթքն ունկնդրելուց հետո նախագահը Սարգսյանն ասել է, որ մեր երկու՝ հայկական ու ճապոնական շատ հին քաղաքակրթություններն ընդհանուր շատ բան ունեն։ Նախագահը շնորհակալություն է հայտնել հայ-ճապոնական կապերին և բարեկամությանը նվիրված գեղեցիկ հոգևոր արարողության համար՝ բարձր գնահատելով այն շնորհակալ գործը, որ արվում է ճապոնական յուրօրինակ մշակույթը և ավանդույթները, հոյակերտ տաճարը որպես հոգևոր ու մշակութային կենտրոն պահպանելու համար: «Վստահեցնում եմ, որ Հայաստան վերադառնալուց հետո, աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկում, որը գտնվում է Սուրբ Էջմիածնում, մեր հոգևոր առաջնորդների հետ միասին աղոթք կհնչեցնենք հայ-ճապոնական բարեկամության համար»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր