211652_close_icon
views-count2502 դիտում article-date 20:32 25-10-2019

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 9 ամսում աճել է 7.1 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-սեպտեմբերին 7.1 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.7 տոկոսով, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել 4.8 տոկոսով: Շինարարության ծավալը հունվար-սեպտեմբերի աճել է 4.4 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 8.8 տոկոս, իսկ մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 15.5 տոկոսով: 2019-ի հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 1.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.5 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 9 ամսվա ընթացքում նվազել է 2.2 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-սեպտեմբերին աճել է 5.9 տոկոսով՝ կազմելով 178 հազար 633 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 7.6 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 4.1 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 5.8 տոկոս աճ: Ընդ որում` արտահանումն աճել է 7.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 4.7 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-սեպտեմբերին եղել է 481.52:

Նմանատիպ նյութեր