Տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 ամսում աճել է 6.8 տոկոսով
Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին 6.8 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Մասնավորապես, զգալիորեն աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 8.4 տոկոսով: Շինարարության ծավալը հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 4.5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 15.2 տոկոսով, իսկ առևտրի շրջանառության աճը կազմել է 8.9 տոկոս:
2019-ի հունվար-հուլիսին սպառողական գների ինդեքսը աճել է 1.9 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-հուլիսին 2018-ի հունվար- հուլիսի նկատմամբ պահպանվել է նույնը, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5 տոկոսով:
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-հուլիսին 2018-ի նույն ժամանակի համեմատ աճել է 5.9 տոկոսով՝ կազմելով 178 հազար 325 դրամ:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 2.3 տոկոս աճ: Ընդ որում` արտահանման ծավալն աճել է 3 տոկոսով, իսկ ներմուծմանը՝ 1.9 տոկոսով:
Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-հուլիսին եղել է 483.07: