Ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը քննարկել Է կուսակցությունների ֆինանսավորման հարցեր
ՀՀ Ազգային ժողովում Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակիցներն անդրադարձել են կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությանն ու պատժամիջոցներին վերաբերող հարցերին:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Արմեն Խուդավերդյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ներկայացրել է պատժամիջոցների կիրառման միջազգային փորձը: Նշվել է, որ ուսումնասիրված 27 երկրներից միայն Շվեյցարիայում է բացակայում պատժամիջոցը, մյուսներում՝ մեծամասամբ, կիրառվում են վարչական տուգանքներ:
Մասնակիցները քննարկել են նաեւ վերահսկողությամբ զբաղվող մարմնին առնչվող հարցը. շրջանառվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վերաքննիչ պալատի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անունները:
Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ նախընտրական շրջանում վերահսկողությունը պետք է իրականացնի ԿԸՀ-ն՝ մի քանի պատճառով: Դրանցից ամենաէականն այն է, որ նշյալ ժամանակահատվածում կարող են ծագել օրենքի մեկնաբանմանը, ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելուն եւ նախընտրական շրջանում հավաքականությանն առնչվող խնդիրներ:
Պատգամավորները կարծում են, որ վերահսկողության գործառույթը պետք է տրամադրել չեզոք մարմնի, ըստ նրանց՝ դա կարող է իրականացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը նշել է, որ առաջիկայում կանդրադառնան մի շարք առանձնացված խնդրահարույց դրույթների եւս: