211652_close_icon
views-count1003 դիտում article-date 19:59 25-10-2026

Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ «Հաղթանակ» կամրջի մոտ բախվել են «Chevrolet Cruze»-ը և օտարերկրացու վարած «Yamaha» մոպեդը․ վերջինը կողաշրջվել է․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, «Հաղթանակ» կամրջի մոտ բախվել են 26-ամյա Էդուարդ Գ․-ի վարած «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Մեհդի Հ․-ի վարած «Yamaha» մակնիշի մոպեդը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարին առաջինը օգնության է հասել «Chevrolet Cruze»-ի վարորդ Էդուարդ Գ․-ն, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից