211652_close_icon
views-count3185 դիտում article-date 21:29 08-10-2019

Հանդիպում Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարարի հետ

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար պարոն Խուլիո Նետոյին ով Հայաստանում է մասնակցելու WCIT 2019 համաժողովին։ Քարտուղարը կարևորել է Հայաստանի և Բրազիլիայի համագործակցությունը ինովացիոն տեխնոլոգիաների և, հատկապես, տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում։ Արմեն Գրիգորյանը հյուրին ներկայացրել է տիեզերական արդյունաբերության ներկայիս դրությունը Հայաստանում, ձեռնարկվող քայլերը, մասնավորապես՝ «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը և Հայաստանի տիեզերական գործակալության ստեղծման մասին առկա քննարկումները։ Պարոն Նետոն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակով համաժողովի անցկացման և հանդիպման կազմակերպման համար։ Փոխնախարարն ընդգծել է Հայաստանի և Բրազիլիայի միջև կնքված տեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման կարևորությունը և հանձնառություն վերցրել նպաստել դրա հնարավորինս շուտ իրականացմանը։ Փոխնախարար Նետոն նաև ներկայացրել է տիեզերքի խաղաղ օգտագործման Բրազիլական ծրագիրը և համագործակցության հնարավորությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են տիեզերքի, բարձր տեխնոլոգիաների, գեոստացիոնար ուղեծրերում արբանյակների աշխատանքների արդյունավետ կազմակերպման, կրթության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծվելիք աշխատանքային խմբերում ԱԽ գրասենյակի ներկայացուցչի մասնակցության շուրջ։

Նմանատիպ նյութեր