Մեսիի, Ռոնալդուի մուտքը Մեծ Բրիտանիա կարող է արգելվել
Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, ապա ԵՄ երկրներում հանդես եկող բազմաթիվ ֆուտբոլիստների և մարզիկների մոտ Միացյալ Թագավորություն մուտք գործելու հետ կապված խնդիրներ կառաջանան:
Մասնավորապես, խոսքը գնում է Կրիշտիանու Ռոնալդուի, Լիոնել Մեսիի, Դիեգո Կոստայի և այլ ֆուտբոլիստների մասին, որոնց հարկեր չվճարելու համար Իսպանիայում պայմանական ժամկետով էին դատել:
«Եթե դուք Եվրամիության երկրի քաղաքացի եք, և ձեր պատժաժամկետը դեռ չի ավարտվել, նույնիսկ եթե այն սառեցված է, մուտքը Մեծ Բրիտանիայի տարածք արգելվելու է», ասել է Միգրացիոն հարցերով փաստաբան Էնդի Օսբորնը:
Դա նշանակում է, որ վերոհիշյալ ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել եվրագավաթների արտագնա խաղերին՝ Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի հետ թիմերի հետ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան բանակցություններ է վարում Եվրամիությունից դուրս գալու շուրջ: Մուտքի հետ կապված կոշտ քայլերը կհաստատվեն, եթե հոկտեմբերի 31-ին առանց որևէ պայմանավորվածության Brexit-ը կայանա:


