Կառավարությունն այսօրվա նիստում ԷԼԷՅ ՍՈԼԱՐ ՍՊԸ-ին թույլատրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտում` ՌԱՕ ՄԱՐՍ ՓԲԸ-ի տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել:
Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կազմակերպությունն արտահանելու է արևային պանելներ:
Նախարարը նշեց, որ ներկայումս արտադրում է դեռևս տարեկան մոտ 137 հազար ԱՄՆ դոլար արժեք ունեցող արտադրանք: «Նախատեսվում է արտադրության ծավալները հասցնել 12 մլն դոլար արժեքի, արտադրանքի 3/4 մասը արտահանվելու է ԱՄՆ: 15 նոր աշխատատեղ կստեղծվի՝ 300 հազար դրամ միջին աշխատավարձով: Այս ծրագրի իրականացման համար ներդրումների ընդհանուր արժեքը պետք է կազմի 2.6 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց նա:
Ըստ նախագծի՝ ԷԼԷՅ ՍՈԼԱՐ ՍՊԸ-ն պետք է իրականացնի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու ՌԱՕ ՄԱՐՍ փակ բաժնետիրական ընկերության տարածքում իր կողմից արտադրված արտադրանքի ծավալի առնվազն 75 տոկոսի արտահանում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվեց 4 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը: