211652_close_icon
views-count1606 դիտում article-date 20:10 20-09-2019

Ջութակահար Անդրեյ Բարանովը ԴասA ծրագրի շրջանակներում հանդիպել է ավագ դպրոցի աշակերտների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դաս A ծրագիրը նոր ուսումնական տարում վերադառնում է դպրոցներ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ԴասA ծրագիրն այսօր հյուրընկալվել էր Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում։ Ուշագրավ է, որ հանդիպմանը ներկա էր նաև Եղիսաբեթ թագուհու անվան և բազմաթիվ այլ միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը, ով սեպտեմբերի 22-ին ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացուցիչներն աշակերտներին ներկայացրել են առաջիկա համերգի ծրագրի վերաբերյալ մանրամասներ։ Այդ համերգին հրավիրված են նաև թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները։ Ջութակահար Անդրեյ Բարանովը խոսեց իր երաժշտական կարիերայի, իր ջութակի, համերգային գործունեության մասին։ Ջութակահարը նշեց, որ նվագում է Անտոնիո Ստրադիվարիուսի աշակերտ Գվադանինիի կողմից 1758 թվականին պատրաստված ջութակով։ Իսկ ջութակի աղեղը մոտ 200 տարվա պատմություն ունի։ Անդրեյ Բարանովն աշակերտների համար կատարեց իտալացի կոմպոզիտոր և ջութակահար Նիկոլո Պագանինիի ստեղծագործություններից։ Հինգ տարեկանից երաժշտությամբ զբաղվող և այսօր արդեն աշխարհում մեծ հռչակ վայելող Անդրեյ Բարանովը նկատեց, որ շատ լավ է, որ հանդիպմանը ներկա աշակերտները զբաղվում կամ հետաքրքրվում են դասական երաժշտությամբ, քանի որ երաժշտարվեստը հարստացնում է մարդու հոգին, նրա անհատականությունը, մեծացնում աշխարհայացքը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց երեխաներին ցուցաբերած հետաքրքրության համար։ Դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանն իր խոսքում շեշտեց, որ նման հանդիպումները, համերգներ այցելելու հնարավորությունները, որ ընձեռում է ԴասA ծրագիրը, օգնում են երեխաներին հասկանալ ու սիրել դասական երաժշտությունը։ Հանդիպմանը ներկա երեխաներից ոմանք ունեին երաժշտական կրթություն, և Անդրեյ Բարանովը սիրով ունկնդրեց նրանց գեղեցիկ կատարումները։ [b]Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր