211652_close_icon
views-count1377 դիտում article-date 13:21 16-09-2019

Սլավիկ Գալստյան. Կփորձեմ նվաճել ավելի բարձր հարգի մեդալ

Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Սլավիկ Գալստյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց հաղթանակի և անցկացրած գոտեմարտերի մասին։ «Շնորհակալ եմ բոլորին ամեն ինչի համար, նախևառաջ՝ մարզիչներիս, ընկերներիս։ Կփորձեմ ավելի բարձր հարգի մեդալներ նվաճել հետագայում»,-ասաց նա։ Սլավիկի համար բարդ է եղել առաջին գոտեմարտն ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ. «Միշտ առաջին գոտեմարտն ավելի դժվար է լինում, սակայն երկրորդ գոտեմարտը եւս հեշտ չէր, մի քանի վայրկյան էր մնացել, պարտվում էի, բայց կարողացա հետ բերել միավորները և հաղթել»,- նշեց ըմբիշը: Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանի հետ կիսաեզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը թույլ է տվել որոշ սխալներ, բայց մրցավարների «համակրանքն» էլ եղել է մրցակցի կողմը. «Ես նույնպես սխալներ թույլ տվեցի, չեմ կարող հերքել, ինչ-որ չափով էլ մրցավարներն օգնեցին նրան»,- խոսքը եզրափակեց Սլավիկ Գալստյանը։ Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սլավիկ Գալստյանը 7:5 հաշվով հաղթել էր Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիին:

Նմանատիպ նյութեր