Տեմու Պուկին՝ ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ
«Նորվիչի» ֆինն հարձակվող Տեմու Պուկին ճանաչվել է ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: 29-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանի իսկական հայտնությունը դարձավ՝ 4 հանդիպումներում դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Նույն հաջողությամբ նա հանդես է գալիս նաև Ֆինլանդիայի հավաքականում՝ Եվրո-2020-ի որակավորման փուլում 6 խաղում աչքի ընկնելով 5 անգամ:
Բացի Պուկիից ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին «Բարնլիի» հարձակվող Էշլի Բարնսը, «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Ռահիմ Ստեռլինգը, Քևին Դե Բրույնեն և Սերխիո Ագուերոն, ինչպես նաև «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն:
Տեմու Պուկին վերջին 15 տարվա ընթացքում առաջին ֆինն ֆուտբոլիստն է, ով արժանացավ այս մրցանակին: 2004 թվականին ԱՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչվել ևս երկու ֆինն խաղացողներ՝ Միքայել Ֆորսելը և Սամի Հյուպյան: