211652_close_icon
views-count1881 դիտում article-date 09:49 11-09-2019

Պուտինի՝ ՀՀ գալ-չգալու պատմությունը հոգեբանական թեստ է հայ հանրության համար․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում արդեն տևական ժամանակ մամուլում քննարկվում է հարցը՝ կգա՞ Պուտինը հոկտեմբերի 1-ին Հայաստան, թե՞ ոչ: Նրա այցի առիթը ԵՏՄ Վեհաժողովն է, որ պետք է տեղի ունենա Հայաստանում: Հայաստանն այժմ նախագահող երկիր է, հոկտեմբերի ԵՏՄ Վեհաժողովում Հայաստանը փոխանցելու է իր նախագահությունը: Հայկական մամուլում արդեն մի քանի շաբաթ է՝ տեղեկություններ են Պուտինի այցի, կամ առայժմ առավելապես «չայցի» մասին: Թերթերը գրում են, որ Պուտինը չի ուզում գալ Հայաստան, որովհետև դժգոհ է Հայաստանի իշխանությունից, որովհետև Հայաստանի իշխանությունը չի վայելում Կրեմլի վստահություն, որովհետև Հայաստանի իշխանությունը հետապնդում է Ռոբերտ Քոչարյանին, և այլն, և այլն: Այս ամենը նոր բան չէ: Տարիներ շարունակ գործնականում նույնաբովանդակ տեղեկություններ տարածում էր հայտնի ոչիշխանական բևեռը Սերժ Սարգսյանի հետ դիմակայության շրջանակում: Այդ իմաստով, մեծ է հավանականությունն անգամ, որ Սերժ Սարգսյան անունը Նիկոլ Փաշինյան անունով փոխելով, ներկայումս տարածվող տեղեկություններում չգտնենք այլ բովանդակային տարբերություն: Այստեղ ակնառու է, թե ինչն է բուն խնդիրը: Թիրախավորվում է երկու հանգամանք: Նախ, Հայաստանի իշխանության դեմ անվստահություն և բացասական տրամադրվածություն խթանել Ռուսաստանի իշխանության մոտ: Մյուս թիրախը Հայաստանի հանրությունն է, դրա հոգեբանության վրա աշխատելը, որովհետև այդ հոգեբանության մեջ առկա է մի պարագա, ըստ որի՝ Ռուսաստանի վերաբերմունքը դիտարկվում է իշխանության մի յուրօրինակ «երաշխիքային սպասարկման կտրոն»: Ահա, տարածվող տեղեկատվա-քարոզչական արշավի նպատակներից մեկն այն է, որ հանրությանը հավաստիացնեն, թե իշխանությունը զրկված է այդ «կտրոնից»: Այդ իմաստով, Պուտինի գալ-չգալու պատմությունը գործնականում հոգեբանական թեստ է Հայաստանի հանրության համար: Արդյո՞ք թավշյա հեղափոխությունը խորքային առումով ունեցել է ազդեցություն այդ հոգեբանության վրա, հանրությանն ավելի ինքնավստահ դարձնելու և «ռուսական երաշխիքային կտրոնից» կախվածությունից ձերբազատելու առումով: Ի վերջո, թավշյա հեղափոխությամբ Հայաստանի հանրությունն ինքն է սահմանել իր իշխանության «երաշխիքային կտրոնը»: Ըստ այդմ, տվյալ իրավիճակում ՌԴ իշխանությանը պետք է հետաքրքրի նոր իրավիճակում Հայաստանի հետ հարաբերության «երաշխիքային» խնդիրը: Անկասկած է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունն ունի կարևորագույն նշանակություն, որովհետև Հայաստանն ու Ռուսաստանը ունեն թե ռեգիոնալ, թե նաև ընդհանրապես միջազգային ասպարեզում միմյանց հետ լուծելու կարևորագույն խնդիրներ, ընդհանուր շոշափելի շահեր: Միևնույն ժամանակ սակայն, հենց այստեղ է առանցքային հարցը, որ այդ ամենի շուրջ համատեղ աշխատանքը և հարաբերությունը պետք է կառուցվի պետական արժանապատվության հիմքի վրա, ոչ թե հանրային պատմա-հոգեբանական բարդույթների, որոնց պայմաններում գեղեցիկ կենացների քողի ներքո իրականում տեղի է ունենում հարաբերության դեգրադացում՝ դրանից բխող երկուստեք խիստ վտանգավոր հետևանքներով, ինչպես ցույց տվեցին վերջին տարիների ռեգիոնալ մի շարք զարգացումներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր