211652_close_icon
views-count2591 դիտում article-date 10:47 05-09-2019

Բացառված չէ, որ այսօրվա համակրելի երիտասարդներին փոխարինեն հաստափոր ցինիկները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հաջորդ շաբաթ սկսվելու են Ազգային ժողովի լիագումար նիստերը, և ինչ էլ ասեն իշխող վերնախավի ներկայացուցիչները, իշխանական թիմի միասնականության մասին որոշակի կասկածներ, այնուամենայնիվ, կան: Թե՛ կառավարությունում, թե՛ «Իմ քայլը» խմբակցությունում առնվազն երկու հարցերում՝ Ամուլսարի և Ստամբուլյան կոնվենցիայի, կարծիքները խիստ տարբեր են: Երկու խնդիրներն էլ, ըստ էության, հետաձգվել են, բայց, ինչպես ասում են, «նստվածքը մնացել է»: Խնդիրները խիստ տարբեր են իրենց «ընթացակարգով»՝ առաջինը պատգամավորների տիրույթում չի, երկրորդի վերաբերյալ անհրաժեշտ է Ազգային ժողովի քվեարկությունը: Տարբեր է, իմ կարծիքով, նաև այդ հարցերի նշանակությունը՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացնել-չվավերացնելը որևէ էական ազդեցություն չի թողնի հայաստանյան իրականության վրա: Պարզապես մեր հասարակության մեջ, մեղմ ասած, գիտելիքի և տեղեկատվության պակասն է օգնել, որպեսզի որոշ շրջանակներ կարողական կապել ընտանեկան բռնության դեմ պայքարը միասեռականության հետ: Դարձյալ փաստեմ, որ ամբոխահաճ հիստերիան այնքան մեծ էր, որ այդ առասպելին սկսեցին հավատալ անգամ կրթված մարդիկ: Երկու հարցերում էլ տարաձայնությունները, կրկնեմ, ակնհայտ են, և պատճառը, ենթադրում եմ, ընդհանուր արժեքային համակարգի, ընդհանուր սկզբունքների, եթե ուզում եք՝ «իզմ»-երի բացակայությունն է: Անպայման անհրաժեշտ է փաստել նաև, որ բացի այն օրենսդիրներից, որոնք հիշյալ հարցերի վերաբերյալ հանդես ես եկել այս կամ այն դիրքորոշմամբ, «Իմ քայլում» կան նաև պատգամավորներ, որոնք ո՛չ այս, ո՛չ էլ որևէ այլ հարցով որևէ կարծիք չեն հայտնել: Նրանք ընդհանրապես ԱԺ-ում ոչ մի ձայն-ծպտուն չեն հանել և այդ առումով չեն տարբերվում նախորդ գումարման խորհրդարանի շատ իշխանական պատգամավորներից: Խնդիրները, կարծում եմ, օրինաչափ են: Հիշենք, թե ինչպես է ձևավորվել խորհրդարանի այս կազմը: Ընտրությունները կազմակերպվել են հապճեպ, հեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ, առանց քաղաքական ծրագրի: Քվեարկությունն անցավ ազատ, օրենքի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը վաստակեց 88 հոգանոց հսկայական խմբակցությունը ձևավորելու իրավունքը: Ի՞նչ չափանիշներով էր ընտրվում այդ 88 հոգին: Պարզ է, որ թեկնածուները պիտի քննության նման մի բան հանձնեին: Գլխավոր «թեսթը», որին նրանք պետք է համապատասխանեին, հավանաբար, հետևյալն էր՝ որքան ինտենսիվորեն են նրանք «մերժում Սերժին»՝ որքան մեծ կրքով էին դա անում, այնքան լավ: Այդ առումով խմբակցությունն, իհարկե, այսօր էլ է միասնական՝ «նախկինների» հարցում նրանք տարաձայնություններ չունեն: Բայց արդյո՞ք դա բավարար է օրենսդրական և ընդհանրապես քաղաքական գործունեության համար: Հաջորդ ընտրությունները, երբ էլ դրանք կայանան, և ով էլ դրանցում հաղթի, անցնելու են բոլորովին այլ պայմաններում, մեծամասնությունն էլ, հավանաբար, բացարձակ չի լինելու: Բայց ես չէի շտապի դա լավ լուր անվանել: Որովհետև ամենևին էլ բացառված չէ, որ այսօրվա մեծ մասամբ համակրելի երիտասարդներին դարձյալ փոխարինեն հաստափոր ցինիկները»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր