211652_close_icon
views-count9936 դիտում article-date 16:15 04-09-2019

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցնե՛ր Այսօր մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: Ամենամարդասիրական, քանզի չնայած համազգեստ կրելուն և զինվորական կարգով ծառայությանը՝ փրկարարը երբեք չի պատժում և դակողի դեր չի կատարում, այլև վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ կյանքեր է փրկում: Այս առումով, փրկարարի մասնագիտությունը առաքելություն է, որն իր մեջ ամփոփում է ուժը, բարությունն ու փրկարարի այն բարձր կոչումը, որը սեր ու հոգատարություն է տածում բոլորի նկատմամբ: ԱԻՆ Փրկարար ծառայությունը այսօր իր ուրույն տեղն ունի համաշխարհային փրկարարական մեծ ընտանիքում: Հայ փրկարարն ունակ է օգնություն ցուցաբերել ոչ միայն մեզ, այլ նաև վտանգի ու դժբախտության մեջ գտնվող բարեկամ ժողովուրդներին, ինչը մենք բազմիցս ենք ապացուցել: Ասածս, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է, և համակարգում անելիքներ այլևս չկան: Կան, այն էլ որքան, սակայն դրանց մասին այսօր շատ քիչ եմ խոսելու: Փոխվում են ժամանակները, փոխվում են նաև մեր համակարգի մարտահրավերները, դրանց որակն ու աշխարհագրությունը և միայն Փրկարարական գույք ձեռք բերելու համար կառավարությունը վերջին շրջանում պետական բյուջեից նախարարությանը տրամադրել է ավելի քան 260 միլիոն դրամ, հրշեջ-փրկարարական ջոկատների վերանորոգման համար՝ մոտ 1 միլիարդ դրամ: Շատերն արդեն գիտեն, որ իմ առաջարկությամբ և վարչապետի պատրաստակամության արդյունքում՝ որոշում է կայացվել այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրացնել փրկարարների աշխատավարձը: Ցավալի է, բայց պետք է նշեմ, որ առ այսօր փրկարարներն արել են անհնարինը չնչին աշխատավարձի դիմաց: Հավաստիացնում եմ՝ այս որոշմանը մենք, մեր ժողովուրդը, բոլորը երկար տարիներ են սպասել: Մեր փրկարարները, իրոք, արժանի են բարձր գնահատանքի: Սիրելի հայրենակիցնե՛ր արտակարգ իրավիճակների և հատկապես հրդեհների առումով՝ այս տարին աննախադեպ էր ողջ աշխարհի համար: Ցավոք՝ հրդեհները չշրջանցեցին նաև մեզ: Մենք ունեցանք մի շարք բարդ հրդեհներ, որոնց հետևանքները կարող էին ճակատագրական լինել թե պետության, թե մեր ժողովրդի համար: Ասածս պատկերավոր ներկայացնելու համար ասեմ, որ հրդեհների քանակն ու մասշտաբները այնքան մեծ էին, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էր նաև փրկարար ծառայության կենտրոնական ապարատը: Գուցե զավեշտալի թվա, բայց այսօրվա հանդիսավոր շքերթի նախապատրաստական աշխատանքներին անգամ փրկարար չէինք կարողանում գտնել, որ փորձերին մասնակցի: Բոլորը հրդեհաշիջմանն էին մասնակցում: Հպարտությամբ պետք է փաստեմ, որ մեր փրկարարները, և հատկապես շարքային կազմի տղաները, պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրը՝ անմիջական վտանգի տակ դնելով սեփական կյանքերը: Հրամանները կատարել են սառնասրտությամբ, առանց տրտնջալու, առանց պաթոսի ու ձևականությունների: Մեր տղաներից մի քանիսը դեպքի վայրում մի քանի օր անընդմեջ տքնելուց հետո այն աստիճանի էին ուժասպառ եղել, որ տունդարձի ճանապարհին վթարի են ենթարկվել, բայց հաջորդ օրը նորից շտապել են դեպքի վայր: Ի՞նչ է սա, եթե ոչ հերոսություն: Սա է իմ պատկերացրած փրկարարի տեսակը: Փրկարարը հերոս է: Իր հայրենիքի ու ժողովրդի հերոս-զինվորը, ով օր ու գիշեր կռիվ է տալիս հրդեհի, սողանքի, երկրաշարժի և մնացյալ աղետների դեմ, ով սահմանից այս կողմ ապահովում է իր քաղաքացու անվտանգությունն ու անդորրը: Ահա այսպիսին է Հայ փրկարարի կերպարը, որից նվիրվածություն ու հոգատարություն է հորդում համակարգի, կողքինի, հարևանի, բարեկամի, և անգամ չարկամի նկատմամբ: Ցավոք՝ իսկական փրկարարի կողքին կան նաև փրկարարի համազգեստ կրող, բայց փրկարարի բարձր կոչման հետ որևէ առնչություն չունեցող աշխատակիցներ: Այդպիսիք նկատվում են ծառայության ինչպես կրտսեր, այնպես էլ ավագ, գլխավոր և անգամ բարձրագույն խմբերում: Վստահեցնում եմ, որ սրանք մասնավոր դեպքեր են և ժամանակի ընթացքում շտկելի, քանզի փրկարարի այդ տեսակը տեղ չունի պատվախնդիր փրկարարների կողքին: Հարգելի հայրենակիցնե՛ր շնորհավորելով բոլորիս ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ փաստել, որ ԱԻՆ համակարգի յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, փրկարար է: Ավելին՝ 1988 թվականի աղետալի դեպքերը ապացուցեցեին, որ մեր յուրաքանչյուր քաղաքացին է փրկարար: Ի տարբերություն այլ ժողովուրդների՝ Աստված օժտել է մեր ժողովրդին հարազատի ու բարեկամի ցավով վշտանալու, նրա ուրախությամբ ցնծալու, պետք եկած ժամանակ համախմբվելու հատկանիշով: Հավատացե՛ք, սա կարևոր ազգային արժանիք է, որը պետք է օգտագործենք ոչ միայն աղետների հետևանքներ վերացնելու, այլ նաև՝ դրանց կանխարգելման դեպքում: Ասածիս վառ ապացույցն է Սյունիքի, Վայոց Ձորի և այլ տեղերի հրդեհների դեմ պայքարում Շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների, բանակի, ոստիկանության, համայնքների և բնակիչների ակտիվ մասնակցությունը հրդեհաշիջման աշխատանքներին, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորին: Սիրելի՛ փրկարարներ, վերստին շնորհավորում եմ այս սուրբ մասնագիտական տոնի կապակցությամբ: Արևշատություն և հաջողություններ եմ մաղթում Ձեզ և ձեր ընտանիքներին: Դուք բարի գործ եք անում, Դուք Աստվածահաճո առաքելություն եք իրականացնում, ինչը գնահատվում է ձեր անմիջական ղեկավարության, և, որ ամենապատվաբերն է՝ մեր ժողովրդի կողմից: Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար: Հ.Գ. Ես նշեցի, որ մեր փրկարարներից մի քանիսը հոգնածության, ծանրաբեռնվածության պատճառով՝ դեպքի վայրից տունդարձի ճանապարհին վթարի են ենթարկվել, որոնցից երկուսի՝ փ/ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանի և փ/ծավագսերժանտԱնդրանիկՂազարյանիավտոմեքենաներըգրեթեվերածվելէինմետաղիջարդոնի: Ես չգիտեմ, ունեմ դրա իրավունքը թե ոչ, բայց բացառիկ որոշում եմ կայացրել, որոշել եմ ԱԻՆ ողջ անձնակմի անունից տղաներին պարգևատրել նույնանման ավտոմեքենաներով: Խիղճ և խաղաղություն բոլորիս…

Նմանատիպ նյութեր