211652_close_icon
views-count1151 դիտում article-date 22:44 28-08-2019

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի շրջանակներում կայացել է «ՀՀ զարգացման օրակարգը» խորագրով քննարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի շրջանակներում կազմակերպված «ՀՀ զարգացման օրակարգը» խորագրով քննարկմանը, որը վարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ստեղծագործ կրթության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ։ Տիգրան Խաչատրյանը քննարկմանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է հետևյալը․ «Հարգելի նախարարներ, ներկաներ, դեսպաններ, գործընկերներ, Մենք առաջնային պետք է հասկանանք, թե ինչպես է հնարավոր զարգանալ ավելի արագ, ինչպես փոխվել ՏՏ աշխարհում, որովհետև անվտանգ, ապահով Հայաստան ունենալը մեծապես կախված է այն ռեսուրսներից, որոնց պետք է տիրապետենք առաջիկայում մեր տեղը ամրացնելու համար։ Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր, մենք ունենք առնվազն 2 անգամ ցածր արտադրողականություն, քան ԵԱՏՄ առաջատար պետությունները և դա ստիպում է մեզ մտածել այն փոփոխությունների մասին, որ պետք անել տնտեսության ներկա արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու համար։ Գրեթե բոլոր ոլորտներում տնտեսության վիճակը նույնն է: Ունենք համեմատական, թե ինչպիսին է արտադրողականությունը տարբերվում գյուղատնտեսության կամ արդյունաբերության ճյուղերում, քիչ տարբերություններ կան, բայց մեծ պատկերը, ըստ էության, նույնն է։ Եվ սա նշանակում է, որ տեխնոլոգիական առաջընթացը և դրա կարևորությունը շատ մեծ է։ Ուզում եմ հատուկ նշել, որ  անկախ տնտեսության ոլորտներից՝ տեխոլոգիական փոփոխությունները դարձել են խիստ անհրաժեշտ, որովհետև տեխնոլոգիական միջոցները և կիրառվող տեխնոլոգիաներն են, որ հետո նաև մարդու գիտելիքներով և հմտություններով ուղեկցվելով պետք է ապահովեն արտադրողական տնտեսություն և մեր տեղը գտնեն աշխարհում։ Մենք փոքր տնտեսություն ենք և գիտենք, որ միայն Հայաստանի տնտեսության ներքին ծավալների ուժով երկար և կայուն զարգացում ապահովել չենք կարող։ Անհրաժեշտ է  այնպիսի փոխհամագործակցություն հաստատել երկրների հետ, որը թույլ է տալիս Հայաստանի ապրանքները և ծառայությունները ներկայացնել բարեկամ պետություններում կամ միասնական տնտեսական տարածքներում։ ԵԱՏՄ տարածքը կենսական նշանակություն ունի այսօր և, ես կարծում եմ կլինի նաև վաղը՝ որպես մեր ապրանքների և ծառայությունների արտահանման հիմնական ուղղություններից մեկը։ Մի քանի թվեր ասեմ, որ պարզ լինի, թե ինչու է այդպես։ Մենք ունենք մոտ 2 մլրդ 400 մլն դոլար 2018թ արդյունքներով, և եթե դրանից հանենք լեռնահանքային ոլորտը, ինչու եմ ասում հանենք, որովհետև եթե ունենք բարսայական ապրանք, շուկան կարևոր չէ։ Այսօր դրա գնորդը կարող են լինել եվրոպացիները, վաղը չինացիները, պահաջարկը շատ պայմանական է։ Մնացյալ ոչ հանքահումքային ապրանքների արտահանման կառուցվածքին նայելով՝ մենք պետք է հիշենք, որ առաջիկա տարիների մեր ապրանքային շուկան լինելու է ԵԱՏՄ-ի միասնական տարածքը։ Եթե ծառայությունների արտահանմանն ենք անդրադառնում, ունենք մոտ 2 մլրդի ծառայությունների արտահանում 2018 արդյունքներով։ Եզրափակելով՝ կցանկանայի նշել, որ համատեղ աշխատանքի արդյունավետությունից է կախված լինելու մեր հաջողությունը․ պետք է միասին որոշենք ուղղությունները և շարունակենք համագործակցել»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր