211652_close_icon
views-count50597 դիտում article-date 11:45 01-05-2024

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 47 կմ հատվածում՝ Արարատի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Իրանական համարանիշներով «Renault» մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվավածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգության բժիշկների հերթապահ խումբը և Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes»-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցերել շտապօգնության ավտոմեքենային:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտյոմ Կոծինյանի և վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Տարածքը սահմանազատել են պարեկներ Գագիկ Առաքելյանն ու Սարգիս Հակոբյանը:

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և Վեդիի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը եղել է կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է նրան:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր