211652_close_icon
views-count3951 դիտում article-date 21:40 20-08-2019

Սիլիկյան թաղամասում նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ

Երևանի Սիլիկյան թաղամասում նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Աշխատանքային օրս սկսեցի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելելով, որտեղ ներկայում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում՝ դատապարտված և կալանավորված անձանց պահման պայմանները փոքրիշատե բարելավելու համար: Ի դեպ, Սիլիկյան թաղամասում նախատեսում ենք կառուցել քրեակատարողական նոր հիմնարկ՝ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների փոխարեն, որտեղ, իրոք, անմարդկային պայմաններ են: Արդեն քայլեր ենք իրականացնում այդ ուղղությամբ»,- գրել է նախարարը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ շրջայց կատարել կառույցի տարածքում, հետևել քրեակատարողական հիմնարկում ընթացող վերանորոգման աշխատանքներին: Կառավարությունն ամիսներ առաջ վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման նպատակով 270 միլիոն դրամ հատկացրեց «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար: Արդարադատության նախարարը ծանոթացել է նաև դատապարտված և կալանավորված անձանց պահման պայմաններին, դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում առկա հնարավորություններին, սննդի պատրաստման պայմաններին, զրուցել դատապարտյալների հետ: Ցմահ դատապարտյալները նախարար Բադասյանի հետ զրույցում բարձրացրել են վաղաժամկետ ազատման ինստիտուտը կատարելագործելու և ռեժիմների փոփոխության հարցերը, ինչին ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ Նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ցմահ դատապարտյալներին օրենսդրորեն ընձեռված հնարավորությունները գործնականում իրացնելու ուղղությամբ: Շրջայցին ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը և ԱՆ ՔԿԾ պետի տեղակալ Վահե Պապոյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր