211652_close_icon
views-count934 դիտում article-date 09:57 13-08-2019

Հայաստանն ու Ուրուգվայը քննարկում են առողջապահության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցը

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռեզենբրոքին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները: 2002 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում մի շարք խնդիրներից մեկն էլ ծխախոտի վերահսկումն է: Լենա Նանուշյանը նշել է, որ ուսումնասիրվել է ծխախոտի դեմ պայքարում Ուրուգվայի փորձը, որից ելնելով մեր երկրում մշակվում է նոր քաղաքականություն: Հաշվի առնելով այս ոլորտում Ուրուգվայի արդյունքը` փոխնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանում ևս այն իրականություն կդառնա և կունենա դրական ազդեցություն: Էդուարդո Ռեզենբրոքը փաստել է, որ Ուրուգվայի նախագահը մասնագիտությամբ լինելով ուռուցքաբան, շատ ճիշտ գնահատել է քաղցկեղի հիվանդացության ռիսկի գործոնները: Քաղաքական կամք դրսևորելով` իրականացրել է ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներ` ուղղված բնակչության առողջության պահպանմանը: Նա նաև նշել է, որ 2002 թվականին ստորագրված հուշագիրն ամբողջովին կյանքի չի կոչվել և այսուհետև ակտիվորեն պետք է համատեղ աշխատել` հատկապես ծխախոտի հսկողությունն ապահովելու համար: «Մենք ականատես լինելով քաղցկեղի հիվանդացության դեպքերի աճին, կարևորելով բնակչության առողջության պահպանումը` ուզում ենք օգտագործել այլ երկրների փորձը, որպես օրինակ, որ մենք նույնպես կարող ենք փոփոխություններ իրականացնել, որոնք ազդեցություն կթողնեն երկրի վրա», - ասել է նախարարի տեղակալը: Կողմերը ցանկություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը նաև այլ հարցերի շուրջ, ինչպես օրինակ` հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգները և կանխարգելումը, նորածինների մահացության մակարդակի նվազեցումը և այլն:

Նմանատիպ նյութեր