ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելել է Սիլիկոնյան հովիտ. քննարկվել են Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու ուղիները
Հունիսի 23-24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելեց Սիլիկոնյան հովիտ, որտեղ մի շարք հանդիպումներ ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերությունների հետ: Հանդիպումներին քննարկվեցին Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու ուղիներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ արհեստական բանականությունը, քվանտային համակարգերն ու կիբերանվտանգությունը:
«Nvidia» ընկերություն կատարած այցի ու նրա ղեկավարության հետ հանդիպման ընթացքում դեսպանը ծանոթացավ ընկերության նորագույն արտադրանքին, որում հիմնական շեշտը դրվում է արհեստական բանականության ու ինքակառավարվող մեքենաների վրա:
«Accenture Liquid Studio» ընկերությունում ՀՀ դեսպանին ներկայացրեցին ՏՏ ոլորտի ընկերությունների հետ իրենց աշխատանքի հիմնական առանձնահատկությունները և ցուցադրեցին մի շարք նորարարություններ:
Դեսպան Հովհաննիսյանը հանդիպումներ ունեցավ նաև Սիլիկոնյան հովտում աշխատող մի շարք հայ մասնագետների հետ, ներկա գտնվեց «Synopsys» ընկերության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպված քննարկմանը:
Հանդիպմանը քննարկվեց Հայաստանի կողմից Սիլիկոնյան հովտում աշխատող հայկական ՏՏ ընկերություններին աջակցություն ցուցաբերելու մեխանիզմների մշակման, ինչպես նաև Սիլիկոնյան հովտի հայ մասնագետների կողմից Հայաստանում պարբերաբար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու հարցերը։