60376 դիտում
17:39 02-08-2019
Մահվան ելքով վրաերթ Սյունիքի մարզում. 43-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 53-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում 43-ամյա Մելսիկ Հ-ն իր վարած Mitsubishi մակնիշի 34 DR 020 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում վրաերթի է ենթարկել Սիսիանի բնակիչ՝ 53-ամյա Աննա Հ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Սիսիանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մկրտչյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Աբգարյանը, ով, մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է, որից հետո դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննիչ Գյոզալյանի գլխավորությամբ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+