211652_close_icon
views-count25379 դիտում article-date 22:43 30-12-2023

Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. Renault Logan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Հովհաննես Մ.-ն, իր վարած Renault Logan մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Այնթապ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 60-ամյա Արամ Ս.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մասիսի բժշկական կենտրոն, ապա կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Նիկողոսյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Նույն գումարտակի դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանը, ավագ պարեկ Ալբերտ Պիրոևն ու կրտսեր պարեկ Սևադա Բաբայանը դեպքի վայրը սահմանազատել են, մինչև ահազանգով ժամանել են Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ քննչական խումբը կժամաներ, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր