211652_close_icon
views-count4168 դիտում article-date 23:47 31-07-2019

Կոնտենտի սպառումը մեր հասարակական հարաբերությունների, ընկալման հիմնաքարերից մեկն է. Արթուր Ջանիբեկյանը՝ Sevan Startup Summit-ին

Seaside Startup Summit-ի hամահիմնադիր, Comedy Club Production-ի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը hուլիսի 30-ին հյուրընկալվել էր Sevan Startup Summit 2019-ին: Մասնակիցների հետ հանդիպմանը Արթուր Ջանիբեկյանը խոսեց կոնտենտի ստեղծման պատմական զարգացման և մեր կյանքում դրա նշանակության մասին: «Կարծում եմ՝ կոնտենտի արտադրությունն առաջին հերթին, սկսած հին հունական ժամանակաշրջանից մինչև մեր օրեր, կոչված է եղել մարդուն ստիպել զգալ տարբեր էմոցիաներ՝ կոմեդիայից մինչև դրամա, դրամայից մինչև կոմեդիա: Ոլորտները շատ տարբեր են և այդ բոլոր ոլորտները կոչված են ստեղծելու էմոցիա: Սա է այն հիմնականը, ինչի մասին բոլորը խոսում են, մտորում են՝ ստեղծագործող մարդիկ, քաղաքական գործիչներ, մարզիկներ: Նրանց բոլորի կատարած աշխատանքը կարելի է մեկ բառով անվանել կոնտենտի ստեղծում»,- ասաց նա: Արթուր Ջանիբեկյանը ներկայացրեց կոնտենտի ստեղծման փուլերը՝ թատրոնից մինչև համացանց: Ըստ ժամանակագրության՝ թատրոնին հաջորդող կոնտենտի տիպը գրահրատարակչությունն էր, այնուհետև ռադիոն, կինոն, հեռուստատեսությունը և համացանցը: «Հին հունական թատրոնում մարդիկ 2, 3, 4 շաբաթում խաղում էին մեկ պիես: Բանը նրանում էր, որ Արիստոտելը դեռ չէր հորինել սյուժեն: Օրինակ՝ Սոֆոկլեսը գրում էր, որ Սպարտայից ձիավորը գալիս է Աթենք, այդ մասը տևում էր այնքան, մինչև ձիավորը Սպարտայից հասնում էր Աթենք: Եվ դա իրականություն է: Պատկերացրեք, այն ժամանակվա մարդիկ այդ ամենը նայում էին մինչև այն պահը, երբ Արիստոտելը հորինեց սյուժեի գաղափարը՝ բացատրելով, որ որևիցե իմաստ չկա այդքան սպասել, այլ հնարավոր է ցույց տալ այն մասը, երբ ձիավորը դուրս եկավ ձիավազքի, և մեր ժամանակակից լեզվով ասած, հաջորդ կադրը՝ հասավ Աթենք: Այդ առումով մարդն իր էմոցիոնալ դաշտի տեսանկյունից որևիցե մի բան չի կորցնում: Այսինքն, պատկերացումները, այն ամենը, ինչին կոչված է կոնտենտը, որպեսզի մարդուն տա էմոցիա, այդ էմոցիան մարդը կարող է ստանալ որոշակի կարճացումների ընթացքում»,- ներկայացրեց նա: Ջանիբեկյանն ընդգծեց՝ այստեղ կարևոր պահ կա, որ կոնտենտի արտադրության ամեն մի կարևորագույն հատվածի տեխնիկական նորարարություններն օգնում էին կոնտենտի ամեն հաջորդ վիճակին: «Ռադիոյի գյուտը մարդկանց օգնեց ստեղծել նորությունները որպես երևույթ, երաժշտության տարածման մեկ այլ մակարդակ և աստիճան: Յուրաքանչուրը, որոնց անունները տալիս եմ, սկսեցին զարգանալ և բազմանալ, ճյուղավորվել և դառնալ մեծ ինդուստրիաներ: Ամեն մի նորարարական տեխնիկական լուծում բերեց մի վիճակի, ինդուստրիալ մեծագույն զարգացումների, այսօր մենք դրա սպառողն ենք հանդիսանում և տեսնում ենք ինչ մեծամեծ նոր մոնետիզացիայի հնարավորություններ է դա ստեղծում»,- ասաց Արթուր Ջանիբեկյանը: Ըստ նրա՝ հին հունական թատրոնից սկսած մինչև մեր օրերը՝ Youtube-ը, Instagram-ը, և մնացած այն ամենն, ինչ մեզ շրջապատում է, միմյանցից փիլիսոփայական և գլոբալ տեսանկյունից որպես կոնտենտ, որպես երևույթ որևիցե տարբերություն չունեն: Իհարկե, կան տեխնիկական և աուդիտոր մեծագույն տարբերություններ: Նրա խոսքով՝ ինտերնետը 2007-2013 թթ.-ի ընթացքում ստեղծեց ամենամեծ կոնտենտի սպառման վայրն աշխարհում, որի անունն է Youtube: Նա նաև կարծիք հայտնեց, որ հողագործության գյուտից՝ մ.թ.ա. 10 հազար տարի առաջ, հաջորդ ամենամեծ, կարևորագույն երևույթը դա հենց այն է, ինչը եղավ 2007-2013 թթ.-ին: «Ի՞նչ տեղի ունեցավ. լայնաշերտ ինտերնետի զարգացման պարագայում տեղի ունեցավ այն, որ մարդիկ արդեն կարողանում էին Youtube-ով ուղիղ եթեր դուրս գալ: Տեխնոլոգիական ընկերությունների կողմից սմարտֆոնների արտադրությունը տեղի է ունեցել հենց այս 6 տարիների ընթացքում և աշխարհում մոտավորապես 2 մլրդ ավել մարդ ունեցավ լայնաշերտ ինտերնետ և սմարտֆոն: Դա նշանակում է, որ աշխարհում հանկարծակի հայտնվեց պոտենցիալ 2 մլրդ հեռուստաալիք: Մինչ այդ հեռուստաալիքների թիվն ամբողջ աշխարհում ոչ ավել էր, քան 120-130 հազարը: Ամեն ինչն այլևս չի կարելի համեմատել որևիցե նախկին երևույթի հետ: Նախկին երույթների ժամանակահատվածում մարդն ուրիշ էր, հիմա մարդն այնպիսին է, ինչպիսին ես բացատրեցի՝ ըստ կոնտենտի համատեքստի»,- ասաց նա: Արթուր Ջանիբեկյանի խոսքով՝ տեխնիկական զարգացման և օպտիմիզացիայի պարագայում մարդու դերակատարումը մեծապես խզվում է և այդ դերակատարման մեջ ժամանակն ազատ է մնում, սակայն մարդն օպտիմիզացնում է ամեն ինչ, բացի նրանից, ինչից հաճույք է ստանում: «Եթե մարդն օպտիմիզացնում է ամեն ինչ՝ խանութից առևտուր անելը, անում է դա օնլայն, օպտիմիզացնում է կրթություն ստանալը, օրինակ՝ Skype-ով անգլերեն է սովորում: Մարդը չի օպտիմիզացնում միայն մի բան, ինչից մարդն ստանում է հաճույք, նա երբեք դա չի օպտիմիզացնում: Իսկ մարդը հիմնականում հաճույք է ստանում կոնտենտի սպառումից: Կոնտենտի սպառումը մեր հասարակական հարաբերությունների, ընկալման հիմնաքարերից մեկն է»,- եզրափակեց նա: https://www.tert.am/am/news/2019/07/31/sss/3061845

Նմանատիպ նյութեր