211652_close_icon
views-count2224 դիտում article-date 10:43 30-07-2019

Քաղաքացիների մեծամասնության ակնկալիքները ներկայիս իշխանությունից ավելի մեծ են, քան նախորդից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երեկ ինձ զանգահարել էր ՀՀԿ-ամերձ մի գործարար (միջին մասշտաբի)՝ բողոքելով, որ «Առավոտը» նրան վարկաբեկում է: Ինչպես սովորաբար դա անում եմ, ես առաջարկեցի նրան հանդես գալ մեր թերթում և շարադրել իր տեսակետը, իրականության իր ընկալումը: Դրան գործարարը համաձայն չէր: Որպես այլընտրանք առաջարկեցի դիմել դատարան և հասնել արդարության: Դրան ի պատասխան զրուցակիցս ասաց, որ ես վարկաբեկում եմ մեր հերոս ազգին, իսկ հետո ցանկանում եմ բոլորին «գործ տվող» սարքել: Նա ցանկանում էր, որ նյութը հանվեր կայքից, որը և՛ անիմաստ է, որովհետև այն տարածվել էր մի քանի օր առաջ, և՛ էթիկապես անընդունելի է: Բանակցությունները, ինչպես ասում են, ավարտվեցին առանց արդյունքի: Քիչ անց այդ գործարարն sms-ով ինձ սեռական բնույթի հայհոյանք ուղարկեց: Ես, բնականաբար, նրան ներում եմ, և չեմ պատրաստվում որևէ ընթացք տալ այդ գործին: Միշտ ասել եմ, որ հայհոյանքն իրականում օգնության ճիչ է և բնութագրում է միայն հայհոյողի հոգեվիճակը: Հիշատակում եմ այս պատմության մասին, որովհետև ևս մեկ անգամ համոզվեցի, որ, անկախ նրանից, թե ինչ է հիմա անում ներկայիս իշխանությունը, անցած տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը ճիշտ էր, մասնավորապես, այն պատճառով, որ հիմնականում անցյալում է լրատվամիջոցների հետ շփվելու «հաբռգած» ոճը, որը գալիս էր անպատժելիությունից և իրական կյանքի հետ կապը կորցնելուց: Ասում եմ՝ «հիմնականում անցյալում է», որովհետև որոշակի «ռեցիդիվներ» դեռևս, ինչպես տեսնում եք, կան: Ի դեպ, ես «ռեցիդիվ» եմ համարում նաև նոր իշխանությունների «ես գիտեմ, թե ում պատվերն ես դու կատարում» ոճի արձագանքը: Միանգամայն օրինաչափ է, որ թե՛ իմ և թե՛ մեր քաղաքացիների մեծամասնության ակնկալիքները ներկայիս իշխանությունից ավելի մեծ են, քան նախորդից: Օրինակ, ոչ մեկիս մոտ կասկած չէր առաջացնում, որ նախկինում դատավորների մեծամասնությունը իշխանությունների կամակատարն էր: Բայց հիմա մեր մեջ դարձյալ կասկածներ կան՝ արդյոք այսօրվա կառավարիչներն իսկապես ուզում են, որ դատարաններն անկա՞խ լինեն, թե՞ ձգտում են, որ հիմա էլ իրե՛նց կամակատարը լինեն: Ինչո՞վ է բացատրվում է պահանջների այս ավելի բարձր նշաձողը: Շատ պարզ. նրանք, ովքեր այժմ իշխանություն ունեն, ընդդիմության շարքերում լինելով, անխնա և շատ տեղին քննադատում էին նախորդ իշխանություններին, որ նրանք, մասնավորապես, վերահսկում էին դատական համակարգը: Բայց հիմա, երբ դատավորներն ընդունում են իշխանություններին ոչ հաճո որոշումներ, կամ՝ երբ ՍԴ նախագահը նախորդ և ոչ թե ներկա իշխանության մարդն է, այդ իրողություններն արժանանում են մեր իշխանավորների նյարդային քաղաքական արձագանքի: Ինչպիսի արդարացումներ էլ դրա համար ներկայացնեն իշխանության չափից դուրս ջերմ երկրպագուները, դա անաչառ աչքի համար տեսանելի է: Ցանկացած մանկավարժ ծույլիկ աշակերտներից առանձնապես սպասելիքներ չունի, իսկ լավ աշակերտներից բարձր առաջադիմություն է ակնկալում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր