Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում նշվել է Վարդավառի տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 28-ին Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում կազմակերպվել
էր Վարդավառի տոնի առթիվ միջոցառում:
Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը կոչում է նաև Վարդավառ:
Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց
վրա ջուր ցողելու սովորույթը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, նշելով, որ Վարդավառը տոնվում է
Հայաստանի շրջաններում, Արցախում և Սփյուռքի հայկական գաղթօջախներում,
տեղեկացրել է, որ այս անգամ տոնին համադրվել է հայկական մշակույթի մեկ այլ
բաղադրիչ՝ գորգը: Պատգամավորի խոսքով՝ միջոցառման նպատակներից է
հանրայնացնել հայկական գորգը, որը մեր կենդանի մշակույթն է:
Հայերը գորգագործությամբ զբաղվել են դարեր առաջ, և այն շարունակում է մնալ որպես
կենցաղի և մշակութային ժառանգության անբաժան մասնիկ:
Ըստ պատգամավորի՝ միջոցառումն ունի նաև խորհուրդ, այն է՝ օրակարգային դարձնել Հայաստանում հայկական գորգի ժամանակակից, ինտերակտիվ, տարբեր բաժիններ ներառող թանգարան ունենալու հարցը:
«Մենք ունենք հարուստ մշակույթ, ցավոք աշխարհին բավականաչափ չենք ծանոթացրել մեր մշակույթի հետ և անհրաժեշտ չափով չենք հանրայնացրել այն, որը շատ կարևոր է»,- ասել է Հռիփսիմե Գրիգորյանը:
Միջոցառման մասնակիցները Բաղրամյան պողոտայում նախ գորգեր են լվացել, ապա
իրար վրա ջուր ցողելով՝ նշել Վարդավառը:
Օրվա ընթացքում Ազգային ժողովի այգում ցուցադրվել են «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած ձեռագործ գորգեր:
Անցկացվել են վարպետաց դասեր, գորգերի մասին զրույց, մրցանակներ են հանձնվել «Քվեսթ» խաղի հաղթողներին:
Միջոցառումը եզրափակվել է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի
համերգով: