211652_close_icon
views-count4640 դիտում article-date 10:16 26-07-2019

Երվանդ Զախարյանը մեկնաբանել է ՄԻԵԴ-ի աննախադեպ վճիռը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: Նրա իրավունքների խախտումը դատարանը ճանաչել էր դեռ 2016-ին` արձանագրելով, որ զրկված է եղել արդար դատավարության և սեփականությունը պաշտպանելու իրավունքից: Իսկ երեկվա որոշումը վերաբերում է միայն փոխհատուցմանը: Նրա` Բուզանդի 13 հասցեում գտնվող տունն այսօր մեղադրյալի աթոռին գտնվող Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք փոխանցվել է պետությանը: Նշենք, որ ՄԻԵԴ-ի այս որոշումը կարելի է դասել բացառիկների թվին մի քանի պատճառներով: Նախ` այդ գումարն ավելին է, քան մինչև օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը, և երկրորդ` դատարանի եզրակացության մեջ շեշտված է կոնկրետ դատավորի` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի անունը: Մասնավորապես, եզրակացության մեջ ասվում է. «…Դատավոր Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել` այդպիսով խախտելով մարդու` արդար դատաքննության իրավունքը»: Սա աննախադեպ է այն առումով, որ ՄԻԵԴ-ը հազվադեպ է ընդգծված կարծիք հայտնում կոնկրետ դատավորի մասին: Այն ժամանակ իրավաբանական համայնքը վստահ էր, որ Արման Մկրտումյանն առնվազն պետք է հրաժարական տար, սակայն, ինչպես միշտ, այս անգամ ևս դատավորի սխալ վճռի հետևանքները պետք է հարթեն ՀՀ շարքային քաղաքացիները, և նա հրաժարական տվեց միայն հեղափոխությունից հետո: Ընդ որում, հիշեցնենք, որ այս գործով ՄԻԵԴ-ում տուժողների շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ի սկզբանե պահանջել էր 10 մլն եվրո փոխհատուցում, սակայն գումարն իջեցվել է ՄԻԵԴ-ի կողմից և դարձել 1.5 մլն եվրո: Երեկ ամբողջ օրը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Արման Մկրտումյանի հետ՝ մեկնաբանություններ ստանալու, սակայն չհաջողվեց: Զրուցեցինք այն ժամանակ Երևանի քաղաքապետ աշխատած Երվանդ Զախարյանի հետ, որի անունը ևս շոշափվում է փաստաթղթերում: Նա հայտնեց որ ինքը երկրում չէ, անձամբ ծանոթ չէ` ինչ որոշման մասին է խոսքը, սակայն նշեց. «Տրամաբանությունը ցույց է տալիս` եթե քաղաքացիները վիճարկել են քաղաքապետի որոշումը առաջին ատյանի դատարան, որ քաղաքապետարանը ճիշտ չէ, ապա ի՞նչ կարող եմ ասել: Անձամբ ծանոթ չեմ որոշմանը և այլ բան չեմ կարող ասել»: Հավելենք, որ դեռևս 2016 թվականին` Մկրտումյանի մասով առաջին որոշումից հետո, այն ժամանակ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը նախ անցանկալի էր որակել դատավորների մասով նման որոշումները, ապա նշել, որ դատարանները վերափոխեման կարիք ունեն: Փաստորեն, արդեն քանի տարի է` բոլորն այդ են ասում, բայց մինչև հիմա ոչինչ չի ստացվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր