71222 դիտում
10:53 25-07-2019
Կասկադյորական ավտովթար Երևանում․ անձը չպարզված վարորդը VAZ 21103-ով բախվել է բետոնե արգելապատնեշին, կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց գոտում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում դեռևս անձը չպարզված վարորդը իր կողմից վարած VAZ 21103 մակնիշի 90 XP 101 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Գևորգ Չաուշի թիվ 26 հասցեի դիմացի բետոնե արգելապատնեշներին, ապա առաջ ընթանալով, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում բախվել կայանված վիճակում գտնվող վերամբարձ կռունկին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքացիները, այնուհետև ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի հրշեջ- փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները դասակի հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Վ․ Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենայի վրայից գազաբալոնը պոկվել և շպրտվել է, իսկ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+