211652_close_icon
views-count6403 դիտում article-date 12:09 26-03-2026

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիներն ասում են. «Այս անգամ վճռական ենք տրամադրված, մեր համբերության բաժակը լցվել է, կդիմենք ամենածայրահեղ միջոցին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այսօր՝ մարտի 26-ին, հերթական լարված իրավիճակն է ստեղծվել Արմավիրի մարզում։

 Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տարոնիկ բնակավայրի բնակիչները, կարելի է ասել՝ ամբողջ գյուղը, ի նշան բողոքի գյուղից շարժվում են դեպի Երևան-Արմավիր գլխավոր ճանապարհ, որպեսզի իրականացնեն իրենց բողոքի ակցիան։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում են.

«Մարտի 15-ին էր, որ ուզում էինք նույն գործողությունն իրականացնել, այն է գյուղի մոտ 1 կիլոմետրանոց անբարեկարգ ճանապարհի պատճառով այդ օրը ցանկություն էր առաջացել ամբողջ գյուղով պարալիզացնեինք գլխավոր ճանապարհը,։ Մեր ու մանուկ, ահել-ջահել, կին-տղամարդ դուրս էինք եկել ու արդեն պիտի ճանապարհը փակեինք, բայց վերջին պահին հրաժարվեցինք դիմել այդ ծայրահեղ միջոցին, քանի որ մեզ խոստացան, որ խնդիրը կլուծվի։ Խնդիր, որը 30 տարվա պատմություն ունի։

Հիմա մեզ կմեղադրեն, թե բա ինչի 30 տարի չէիք բարձրաձայնում խնդրի մասին։ Միշտ էլ բարձրաձայնել ենք, թե՛ նախորդ իշխանություններին, թե՛ ներկա, թե՛ բանավոր, թե՛ գրավոր, ու բոլորն էլ ամեն անգամ խոստացել են, որ ի շահ բնակչի ասֆալտապատումը կարվի, բայց հայտնի ֆիլմի հայտնի Գիքորի նման՝ օրերը մթնել, անց են կացել, բայց էս խնդիրը չի լուծվել։

Ուրախ ենք, որ կառավարությունը վարչապետ  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր գյուղում ընտիր մանկապարտեզ կառուցեց, ինչի համար ողջ գյուղը երախտապարտ է։ Բայց ո՞ւմ է պետք, որ մանկապարտեզ հասնելու համար երեխաները անձրևին ոտքից գլուխ ցեխոտվում են, ամառն էլ փոշին է խեղդում։ Դրա համար էլ ոչ մարզպետին ենք վստահում, ոչ քաղաքապետին։ Մեր հույսը վարչապետն է, ով գյուղին նվիրեց ընտիր մանկատխպատեզ, հիմա էլ ուզում ենք իր հսկողությամբ էս 1 կմ-անոց՝ վարորդներիս համար պատուհաս դարձած ճանապարհը հիմնանորոգվի»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման էին ժամանել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, նույն նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուներն ու վարչական շրջանի ղեկավարը, ինչպես նաև ճանապարհը կառուցելու համար մրցույթը շահած կառուցապատողները, այդպես էին ասում հավաքվածները, ինչից հետո գյուղացիները, այս անգամ հավատալով պատասխանատուների խոսքերին, հրաժարվեցին ճանապարհ փակելուց։ 

Իսկ պատասխանատուները խոստացել են, որ ապրիլի 30-ից կաշխատեն սայլը տեղից շարժել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 15-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում։ Հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին գյուղի կենտրոնական փողոցի սկզբնամասում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու փողոցի անմխիթար և անբարեկարգ վիճակի դեմ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ արդեն շուրջ 6 տարի շարունակ բարձրաձայնում են նույն խնդրի մասին, սակայն մինչ օրս որևէ իրական լուծում չեն տեսնում։

«Մոտ մեկ կիլոմետր երկարությամբ այս փողոցը դարձել է իսկական պատուհաս բնակիչներիս համար։ Սա գյուղի կենտրոնական ճանապարհն է։ Այստեղով են երեխաները ամեն օր գնում դպրոց և մանկապարտեզ, այստեղով է անցնում նաև դեպի գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհը և հասարակական տրանսպորտը։ Սակայն այս ամենակարևոր ճանապարհը փաստացի դարձել է անանցանելի։ Մեր գյուղը կարծես դուրս լինի Հայաստանի Հանրապետությունից ու դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել»,– ասում էին բնակիչները։

Գյուղացիների խոսքով՝ ճանապարհի անմխիթար վիճակը արդեն լուրջ խնդիրներ է ստեղծում նաև առողջապահական և այլ ծառայությունների համար։

«Եղել են դեպքեր, երբ շտապօգնության մեքենաները պարզապես չեն եկել գյուղ՝ իմանալով ճանապարհի վիճակը։ Ստիպված ենք եղել հիվանդներին մեր մեքենաներով տեղափոխել մինչև այն հատվածը, որտեղ շտապօգնությունը կարող է հասնել և այնտեղից արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Նույն իրավիճակն է նաև տաքսիների դեպքում․ շատերը պարզապես հրաժարվում են գալ»,– պատմում էին նրանք։

Բնակիչները նշում էին, որ փողոցը լի է մեծ ու փոքր փոսերով, որոնք որոշ հատվածներում արդեն խրամատներ են հիշեցնում։ Նրանց խոսքով՝ ճանապարհը այնքան վատ վիճակում է, որ մեքենաներով անցնելը դարձել է իսկական փորձություն։

«Այս ճանապարհը վաղուց արդեն պարզապես փոսալցման ենթակա չէ․ այն ամբողջությամբ հիմնովին վերակառուցելու կարիք ունի։ Այլ լուծում այստեղ պարզապես չկա»,– նշում էին գյուղացիները։

Տարոնիկի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել այս խնդրին և համապատասխան հանձնարարականներ տալ, որպեսզի վերջապես լուծում տրվի բնակիչներին հուզող այս կարևոր հարցին։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր