49716 դիտում
12:19 09-07-2019
Ինչու են Սևանա լճի որոշ հատվածներ կանաչել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սևանա լճի վերջին շրջանում նկատվող կապտականաչ գույնը պայմանավորած է մի քանի գործոններով: Դրանցից են՝ կապտականաչ ջրիմուռների աճը, ջրի սառը շերտի վնասումն ու կեղտաջրերի ու կոյուղաջրերի հոսքը լիճ:
Այս մասին հուլիսի 9-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչ է տեղի ունենում լճում, կա՞, արդյոք, պետական մակարդակով արված փորձագիտական եզրակացություն և թե ինչպե՞ս են պատրաստվում լուծել խնդիրը:
«Գործոնները մի քանիսն են: Այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը, ինչը տեսանելի է, առկա է նաև Բայկալ լճում, Սև ծովում և այլն: Սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս: Գեղարքունիքում կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից աղտոտող նյութերը հոսում են Սևանա լիճ: Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում:
Հիմնական պատճառը կապված է նրա հետ, որ Սևանում կար սառը շերտ, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր: Եվ լճի 6 մետր բարձրացումը, ըստ էության, պետք է բերի այդ սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որ այդ օրգանական նյութերի աճը պակասի և սահմանափակվի, և դրա հետևանքով Սևանա լճի ջուրը մնա բարձր որակի»,- ներկայացրեց Գրիգորյանն ու նշեց, որ մի քանի այլ գործոններ ևս կան:
Անդրադառնալով տարվող աշխատանքներին՝ նա վստահեցրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունն անընդհատ իրականացնում է ընթացիկ մոնիտորինգ և ունի դիտակետներ: Նախարարությունը նաև երկու միջազգային կառույցների հետ համագործակցելու նախադրյալներ է ստեղծել: «Մեկը կապված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Սևանա լճին կենսոլորտային պահպանավայր կարգավիճակ տալուն, մյուսը՝ դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ իրականացվեն՝ ներառելով գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտներ, որոնք փորձում են նմանատիպ խնդիրներ լուծել եվրոպական մայրցամաքում»,- ասաց Գրիգորյանն ու շեշտեց, որ այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշում կարվի, և դրանով ավելի պարզ կդառնա, թե խնդրին ինչ լուծումներ պետք է տրվեն:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5640 դիտում
11:01 19-07-2022
Սևանա լիճը կանաչել է, տհաճ հոտ է գալիս. Ֆոսֆորի տոկոսը բարձր է․ «Ժողովուրդ»
1322 դիտում
16:42 10-06-2022
«Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար լճի մակարդակը պետք է բարձրացնել մինչև 1909 մ նիշը». Գայանե Շահնազարյան
Այս բաժնից
1381 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ