Մեր հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները. վարչապետի ուղերձը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին և ոգուն, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը:
Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը: Այդ հարցում մենք զգում ենք հասարակության լիարժեք աջակցությունը, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդում մեր գործողություններին:
Մենք մեր հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները և լիարժեք կյանքի ենք կոչելու Հայաստանի քաղաքացիների` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները։
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,
Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք»։