884 դիտում
09:49 29-06-2019
«Հեղափոխական» անհայտներով տնտեսական «հավասարում»․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությունը նախօրեին հավանություն է տվել նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու մասին օրենքի նախագծին: Սա, կարելի է ասել, երկար սպասված իրադարձություն էր, քանի որ Հայաստանում արդեն երեք տարի նվազագույն աշխատավարձը չէր բարձրացվել, ինչի հետևանքով աշխատավարձերի էական բարձրացում չէր եղել նաև մասնավոր սեկտորում:
Մյուս կողմից՝ դժվար է խոսել կառավարության հեղափոխական քայլի մասին, որովհետև 2019 թվականի առաջին եռամսյակի սպառողական զամբյուղի արժեքն է՝ 63 հազար 550 դրամ, այսինքն՝ գործադիրը ձեռնարկում է քայլեր, որոնք ոչ այնքան միտված են զարգացմանը, որքան նրան, որ գոնե աշխատող մարդիկ չհայտնվեն աղքատության ճիրաններում:
Իհարկե, ինքնին հասկանալի է, որ տնտեսական հնարավորությունները թույլ չեն տալիս, որ կառավարությունն ավելի հեղափոխական քաղաքականություն որդեգրի աշխատավարձերի բարձրացման հարցում: Այս առումով՝ կարևոր է, որ գործադիր իշխանությունը տուրք չտա պոպուլիզմին. աշխատավարձերի չհիմնավորված բարձրացումը կարող է բերել հակառակ արդյունքի՝ ակտիվացնելով դրամի արժեզրկումն ու ինֆլյացիան:
Մի խոսքով՝ կառավարության նախօրեի որոշումը իրատեսական է, մյուս կողմից՝ հասարակությունն ավելի մեծ սպասելիքներ ունի, եթե հիշենք, թե հեղափոխության հարթակից ու վարչապետության մեկնարկին ինչպիսի խոստումներ էր տալիս Նիկոլ Փաշինյանը:
Միևնույն ժամանակ՝ վարչապետի ու կաբինետի մյուս անդամների հռետորաբանությունը շարունակում է հեղափոխական մնալ:
Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշում, կառավարության վերջին նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն արձանագրել է՝ Հայաստանն արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել է, և Հայաստանի տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները:
«Այս տարվա մայիսին արձանագրվել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Ուզում եմ արձանագրել, որ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար մայիսի նկատմամբ ունեցել ենք 0,1 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք: Վերլուծությունները ցույց են տալիս, որ տարվա արդյունքներով մենք կունենանք արտահանման բավականին շոշափելի աճ»,- ասել է Փաշինյանը: Եթե վերանանք հեղափոխական պաթոսից, ապա տակը մնում է, որ անցած տարվա համեմատ արտահանման ցուցանիշներն աճել են ընդամենը 0,1 տոկոսով: Այս պարագայում անչափ դժվար է խոսել տնտեսական հեղափոխության մասին ու առավել ևս ամրագրել, որ տնտեսական համակարգն ադապտացվել է այդ ռեժիմին:
Բանն այն է, որ մինչև այսօր մենք ընդամենը լսում ենք տնտեսական հեղափոխության մասին, բայց տակավին հայտնի չէ, թե դա ինչ է իրենից ներկայացնում բովանդակային հարթությունում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9126 դիտում
14:10 11-03-2020
Հեղափոխական Հայաստանի, ոչ հեղափոխական պաշտոնյաները. մաս2
1790 դիտում
11:25 05-03-2019
Ներիշխանական դիրքավորումներ և ընդգծված բևեռներ. հեղափոխական թևն ուզում է «քցե՞լ». «Փաստ»
Այս բաժնից
10504 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am