211652_close_icon
views-count1735 դիտում article-date 15:27 25-06-2019

Ստեփան Շաքարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հուղարկավորությունը Երեւանի քաղաքային պանթեոնում

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր եւ դաշնակահար [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/22/1128084/]Ստեփան Շաքարյանի[/url] հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Ստեփան Շաքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1): Հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ): Նշենք, որ Ստեփան Շաքարյանը մահացել է հունիսի 22-ին: Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքու քաղաքում: 1952 թվականին տեղափոխվել է Երեւան: 1954 թվականին ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ Էդվարդ Միրզոյանի դասարանը: 1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով եւ հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ՝ աշակերտելով հայ մեծանուն կոմպոզիտորին, ապա՝ Լենինգրադի կոնսերվատորիա։ 1964 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան եւ վերադարձել Երեւան։ 1965 թվականին Շաքարյանը դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1986-90 թվականներին եղել է ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավարը։ 1992 թվականից դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1998 թվականից՝ որպես պրոֆեսոր: Ստեփան Շաքարյանը ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում: Երաժշտական թատրոնում նրա ստեղծագործական նվաճումներն են «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա» (1968 թ.), «Նախանձ» (1966 թ.) եւ «Աղավնավանք» (1996 թ.) բալետները: Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում հիշատակելի են երեք սիմֆոնիաները, Կոնցերտը սիմֆոնիկ նվագախմբի համար (1964 թ.), սիմֆոնիկ պոեմները եւ նախերգանքները, այդ թվում՝ «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը (1993 թ.), Սիմֆոնիկ նախերգանքը (1995 թ.) եւ այլն: Առանձնահատուկ էր Ստեփան Շաքարյանի վերաբերմունքը Կոմիտասի հանդեպ: Հայ մեծ երաժշտի հանդեպ նրա հարգանքի տուրքն են նրա Երկրորդ սիմֆոնիան եւ «Կոմիտասի հիշատակին» պոեմը (1965 թ.): Հայկական կամերային երաժշտության մեջ իրենց ուրույն տեղն ունեն «Սյուիտը» կամերային նվագախմբի համար (1985 թ.), դաշնամուրային երկու սոնատները, վոկալ եւ գործիքային ստեղծագործություններ եւ այլն: Ստեփան Շաքարյանի ժառանգության կարեւոր էջն է նրա կինոերաժշտությունը, ինչպես նաեւ մուլտֆիլմերի («Հայելի», «Անհաղթը», «Պինգվին Վինը») եւ դրամատիկ ներկայացումների համար գրված երաժշտությունը: Անուրանալի է Ստեփան Շաքարյանի դերը Հայաստանում ջազ երաժշտության զարգացման գործում. նա իրավամբ համարվում է հայկական ջազի հիմնադիրներից մեկը: Պատահական չէ, որ երիտասարդ երաժշտի առաջին մրցանակը 1965 թվականին երեւանյան ջազային փառատոնի ժամանակ ստացած Ոսկե մեդալն էր: Ստեփան Շաքարյանի ստեղծած ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաները, ջազային եւ էստրադային երկերը ներառվել են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Ջազային շունչ են ստացել նրա մշակած հայկական ժողովրդական երգերը։ «Բինգյոլից մինչեւ Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձել է հայկական ջազի չափանմուշ։ Իսկ 2009 թվականին թողարկված «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ։ Հայրենիքը բարձր է գնահատել Ստեփան Շաքարյանի վաստակը. երկարամյա բեղմնավոր կյանքի ընթացքում նա արժանացել է պետական ու կառավարական մի շարք պարգեւների. 2008 թվականին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, իսկ 2017 թվականին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի նախարարության (2008 թ.) եւ Երեւանի քաղաքապետի (2015 թ.) Ոսկե մեդալների:

Նմանատիպ նյութեր