211652_close_icon
views-count1876 դիտում article-date 23:21 24-06-2019

Հայաստանը վերահաստատում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գործիքակազմի հուսալիության ու արդյունավետության բարձրացմանն ուղղված իր անսասան հանձնառությունը. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը. Տիկին Բարձր հանձնակատար, Հարգելի պարոն նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ մասնակցել Մարդու իրավունքների խորհրդի նիստին: Մեկ տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ի ցույց դրեց իր ամուր հանձնառությունը և վճռականությունը պաշտպանելու և ապահովելու ժողովրդավարական հասարակության ուժը, իդեալները և արժեքները: Ավելի ուշ՝ 2018 թ.-ի դեկտեմբերին, Հայաստանի ժողովուրդը վերադարձավ ընտրատեղամասեր՝ իրական ժողովրդավարական գործընթացների շրջանակներում ընտրելու Հայաստանի նոր խորհրդարանը, որի արդյունքները վստահելի և ընդունելի էին մեր հանրության և բոլոր քաղաքական ուժերի համար: Այս գործընթացը, որը վայելում էր միջազգային հանրության աջակցությունը, առավել ամրապնդվեց մեր կառավարության քաղաքական կամքով՝ ապահովելու իրապես ազատ և արդար ընտրությունների անցկացում: Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և վերահաստատել մեր երախտագիտությունը մեր միջազգային գործընկերներին և կազնակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ժողովրդավարական ընտրությունների անցկացման տեխնիկական աջակցության մեր հայտին արագ արձագանքելու համար։ Այսօր մեր կառավարությունը վայելում է մեր ժողովրդի կողմից տրված շատ ուժեղ մանդատ, որը վստահության հետ մեկտեղ նաև մեծ պատասխանատվություն է՝ աշխատելու Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և կայուն զարգացման ամրապնդման ուղղությամբ։ Այս տարվա ընթացքում մեր կառավարությունն անշեղորեն կյանքի է կոչել իր ծրագրի առաջնահերթությունները, որոնցից դատական համակարգի բարեփոխումը դարձել է ամենագերական և հրատապը։ Հնարավոր է հասնել իրապես անկախ և անկողմնակալ դատական համակարգի ձևավորման, վերջինիս բարեփոխումը պայմանավորված է մեր կառավարության ուժեղ քաղաքական կամքով, քանի որ մենք գիտակցում ենք, որ հնարավորինս սեղմ ժամանակում այս նպատակի իրագործումը կլրացնի և կամրապնդի Հայաստանում տեղի ուենցած Թավշյա հեղափոխության նպատակները:։ Այս բարեփոխման իրականացման գործում մենք նաև վայելում ենք մեր գործընկերների՝ այդ թվում, ԵՄ գործուն աջակցությունը, ինչպես նաև կիրառում ենք մեր տարածաշրջանային կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի արժեքավոր փորձը։ Մեր ներկայիս հանդիպման համատեքստում այս փորձը վկայում է միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպությունների միջև աշխատանքի խելամիտ համակարգման մասին։ Պարոն նախագահ, Սիրո և համերաշխության, ոչ բռնի Թավշյա հեղափոխության հաջողությանը զգալիորեն նպաստեց մեր կանանց լայն ներգրավվածությունն ու ակտիվ քաղաքական մասնակցությունը։ Մեր փորձը վերահաստատում է պետության և հասարակության սոցիալ-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության առանցքային դերը, հետևաբար նաև կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման և զարգացման առաջնահերթությունը։ Դա մեր կառավարության ծրագրային առաջնահերություն է։ Այլ նպատակների հետ մեկտեղ, և Հայաստանի հանրային կյանքում կանանց քաղաքական ներկայացվածության աճի բարձրացման նպատակով, նորընտիր խորհրդարանում կանանց առավել մեծ ներկայացվածությունն է ապահովվել։ Կանայք նաև խաղաղության և անվտանգության փոփոխության առաջամարտիկներ են։ Նրանք կենսական դեր ունեն բռնի հակամարտությունների կանխարգելման գործում, և հետևապես մեծապես կարևոր է նրանց ուժեղ և կայուն ներգրավվածության ապահովումը: Մեր տարածաշրջանում ողբերգական փորձառությունները մեզ պարտավորեցնում են վճռականորեն հետամուտ լինել այս նպատակին։ Ավելի վաղ՝ փետրվար ամսին, մեր կառավարությունը հավանության արժանացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի իրականացման Ազգային գործողությունների առաջին ծրագիրը։ Գործողությունների ծրագրի ընդունմանը նախորդել էր լայն և ներառական խորհրդակցությունների գործընթացը՝ պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ։ Այն համապարփակ, հետևողական և համաձայնեցված փաստաթուղթ է, որի նպատակն է խթանել կանանց քաղաքական մասնակցությունը և տնտեսական հզորացումը խաղաղաշինության, հակամարտությունների կանխարգելման և հակամարտությունների կարգավորման գործընթացում։ Մենք գիտենք, որ ազգային մակարդակում 1325 բանաձևի արյդունավետ իրականացումն ամրապնդում է առավել լայն ազգային նպատակ՝ խթանելու տնտեսական և սոցիալական կյանքում կանանց իրավունքները և հավասար հնարավորությունները։ Միջազգային մակարդակով՝ Հայաստանը պատրաստակամ է իր փորձը փոխանակել միջազգային գործընկերների հետ և իր ներդրումն ունենալ մեր հավաքական ջանքերում՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանը և զարգացմանը, ինչպես նաև հասարակական կյանքում նրանց դերի ուժեղացմանը։ Մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերն այս օրակարգն առաջ տանելու նաև ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջաններում մեր նախագահության շրջանակներում։ Ամբողջ աշխարհում շուտով նշելու ենք Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի 25-ամյակը, որը կարևոր հնարավորություն է այս ուղղությամբ մեր ազգային և միջազգային ջանքերի արդյունքների վերաբերյալ համապարփակ ամփոփման և անկեղծ գնահատականի համար։ Պարոն նախագահ, Ցեղասպանության կանխարգելումը շարունակում է դիմակայել լուրջ մարտահրավերների: Մենք ականատես ենք լինում ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերի, որոնք խոչընդոտում են անպատժելիության և նոր ցեղասպանությունների վտանգավոր կրկնության դեմ պայքարը: Հայաստանը խստորեն դատապարտում է ժխտողականության քաղաքականությունը և Հայոց ցեղասպանության զոհերի արժանապատվության ու հիշատակի հանդեպ վիրավորանքը, որն արտահայտվեց Թուրքիայի նախագահի՝ այս տարվա ապրիլի 24-ի ուղերձում: Ուղերձում Ցեղասպանության զոհերի հասցեին կիրառվող ձևակերպումը՝ «հայկական հրոսակախմբեր և նրանց կողմնակիցներ» վիրավորական է և ցավալի: Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությունը «վերաբնակեցմամբ» արդարացնելը և այնուհետև դա որպես «առավել ողջամիտ գործողություն» որակելը վկայում է Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին՝ որպես ազգային, էթնիկ և կրոնական խմբին ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրության մասին՝ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիայի սահմանման: Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարել միջազգային հանրային կարծիքը և պատմական իրականությունը: Պարոն նախագահ, Այս Խորհուրդը և նրա հատուկ ընթացակարգերը պետք է հետևողականորեն առաջնորդեն ազգային և միջազգային մակարդակներում ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը: Անհրաժեշտ է կայուն աջակցություն ցուցաբերել ՄԱԿ գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակին: Պետք է հետագա քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու վաղ նախազգուշացման և վաղ գործողությունների մեխանիզմներն այնպիսի իրավիճակներում, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանությունների: Պետք է վճռական գործել՝ պայքարելու ատելության խոսքի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ: Մենք ողջունում և աջակցում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնած ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՄԱԿ Ռազմավարությանն ու գործողությունների ծրագրին: Հայաստանը շարունակում է ներդրում ունենալ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում: Պարոն նախագահ, Մարդու իրավունքները համընդհանուր են, դրանք հավասարապես կիրառելի են բոլորի համար՝ առանց որևէ խտրականության։ Այս սկզբունքներն ընկած են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնդրության հիմքում։ Այս հիմնարար փաստաթղթերը պարզորոշ կերպով սահմանում են, որ հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, դրանց պաշտպանությունն ու խթանումը բոլորի համար են՝ առանց խտրականության՝ անկախ որևէ հանգամանքից, ավելին «որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում»։ Հետևաբար, այն սահմանափակումները, որոնք մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների ընձեռած հնարավորություններից օգտվելու առումով կիրառվում են հակամարտության տարածքներում բնակվող մարդկանց նկատմամբ, հակասում են մարդու միջազգային իրավունքների տառին և ոգուն։ Սա պարտադրանք է։ Սա ինքնին մարդու իրավունքների խախտում է, ինչը սրում է հակամարտությունները և խոչընդոտում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Արցախը մարդիկ են, 150 հազար անհատներ՝ իրենց արժանապատվությամբ, պատասխանատվությամբ և իրավունքներով։ Ինչպես մնացած բոլորը, նրանք նույնպես իրավունք ունեն ազատորեն օգտվել իրենց բոլոր անօտարելի իրավունքներից, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքից, սեփական քաղաքական կարգավիճակն ազատորեն որոշելու և իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը հետամուտ լինելու իրավունքից։ Նրանց պարագայում կյանքի իրավունքն առավելապես վտանգված է, քանի որ առկա է Արցախի բնակչության կենսական ֆիզիկական անվտանգության հանդեմ ծանրակշիռ սպառնալիզը: Հակամարտության հիմնական պատճառներն են 1990-ականների սկզբին մարդկային անվտանգության դեմ իրագործված հարձակումը, 2016 թ.-ին Արցախի դեմ կրկնված ագրեսիան, հայերին սպանելու համար սառնասիրտ մարդասպանների շարունակական փառաբանումը՝ զուգորդված պետական հովանավորչությամբ իրականացվող հակահայկական քարոզչությամբ և այլատյացությամբ: Կոնֆլիկտի հանգուցալուծման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման բանալին Արցախի ժողովրդի մարդկային անվտանգության և իրավունքների ճանաչումն է։ Ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված Արցախի ջանքերն արժանի են ճանաչման: Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի դրույթների իրագործման վերաբերյալ անդրանիկ պարբերական զեկույց նախապատրաստելու և ներկայացնելու Արցախի կամավոր նախաձեռնությունը ողջունելի է։ Այն իրենից ներկայացնում է ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների՝ միջազգային իրավունքի նորմերին և չափանիշներին համապատասխան, մարդու իրավունքները հարգման և խթանման վրա հիմնված հասարակության ստեղծման ճանապարհին արձանագրած ձեռքբերումների հանգամանալից հաշվետվություն: Պարոն նախագահ, Հայաստանը իր թեկնածությունն է առաջադրել 2020-2022 թթ. ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Արևելյան Եվրոպայի խմբին հատկացված երկու տեղերից մեկի համար: Մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված պրակտիկայի, օրենքի և կառույցների համախմբման և ամրապնդման մեր ազգային փորձը վստահություն է ներշնչում, որ մենք որակյալ անդամակցություն կունենանք Խորհրդում և իրական, ազնիվ և արդյունավետ կերպով կնպաստենք ՄԱԿ մարդու իրավունքների հիմնական մարմնի շրջանակներում միջազգային համագործակցությանը: Հայաստանը իր ազգային օրակարգի մակարդակով շահել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցությունից, ուստի մենք գիտակցում և մեծապես արժևորում ենք միջազգային մակարդակում մարդու իրավունքների առաջմղման և պաշտպանության գործում համբերատար, հետևողական և հանձնառու երկխոսության վարումը: Մեր անդամակցության շրջանակներում մենք հստակ և պարզորոշ կերպով հանդես են եկել պարտավորություններով ու հանձնառություններով: Մենք ձգտում ենք սովորել, լսել և կիսվել փորձով: Մենք հանձնառու ենք աջակցելու միջկառավարական համագործակցությանը, քաղաքացիական հասարակության ներգրավմանը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը: Մենք առավել քան պատրաստ ենք՝ որակյալ ծառայություն մատուցելու այս Խորհրդի շրջանակներում տեղի ունեցող համագործակցությանը: Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը: Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ Հայաստանը վերահաստատում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գործիքակազմի հուսալիության ու արդյունավետության բարձրացմանն ուղղված իր անսասան հանձնառությունը։ Մենք բարձր ենք գնահատում Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի, նրա Գրասենյակի, ինչպես նաև մարդու իրավունքների այլ մարմինների և մեխանիզմների աշխատանքը: Չնայած մարտահրավերներին՝ մարդու իրավունքների ու արժանապատվության ամբողաջականության պաշտպանության հարցում Խորհուրդը շարունակում է մնալ միջազգային համագործակցության կարևոր մարմին: Արժե հիշատակել, որ Միավորված ազգերի կազմակերպությունը, մասնավորապես՝ այս Խորհուրդը, շարունակում են ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց հույսի և վստահության աղբյուր հանդիսանալ, քանի որ մարդու իրավունքները ՄԱԿ-ի՝ արդար և անվտանգ աշխարհ ունենալու նպատակին հասնելու հիմնասյուներից մեկն են: ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համատեղ պատասխանատվության կարևոր հարթակ է: Շնորհակալություն։

Նմանատիպ նյութեր